Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Շահրուդի քաղաքային բանտում մահապատժի է ենթարկվել երկու մարդ, որոնք մեղադրվում էին թմրանյութերի շրջանառության ու վաճառքի մեջ: Այս մասին հայտարարել է քաղաքի դատախազ Ամիրզա Հաջիգուլամին:
Միջազգային լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն՝ 2011 թ. հոկտեմբերից մինչև 2012 թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Իրանում մահապատժի է ենթարկվել 488 մարդ: Մահապատժի ենթարկվածներից 33 տոկոսի դեպքում դրա պատճառը եղել է թմրանյութերի մաքսանենգությունը, իսկ 13 տոկոսի դեպքում՝ բռնաբարությունը:
ՄԱԿ-ը և Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Իրանից բազմիցս պահանջել են չեղյալ հայտարարել մահապատիժը: Իրավապաշտպանները գտնում են, որ Իրանում տեղի են ունենում ավելի շատ մահապատիժներ, քան դա նշված է պաշտոնական վիճակագրությունում:









































