Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փուչիկների գործով դատավճռի հրապարակման և այդ կապակցությամբ ՀՀԿ-ի հանդեպ հնչող մեղադրանքների վերաբերյալ: Նա իր այդ գրառման մեջ անուղղակիորեն մեղադրանքների սլաքն ուղղում է Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղղությամբ` որպես Աժ ընտրությունների կազմակերպիչ:
«Փուչիկների գործով մեղադրվող Մ. Բոզոյանի դատավճռի մասին լուրը հրապարակվելուց հետո կրկին իմ հասցեին կարդացի քննադատական կարծիք, թե ինչպես եմ կարողանում հանդուրժել ընտանիք պահող անձնավորության դատապարտման եղելությունը: Սա` այն պարագայում, երբ նման տեսակետներ հնչեցնողները, առավել քան համոզված եմ, շատ լավ էլ գիտեն, որ ես ընդհանրապես կապ չեմ ունեցել այդ միջոցառման կազմակերպչական աշխատանքների և փուչիկների պատվիրման ու ձեռքբերման գործընթացի հետ: Թե ինչի համար են իրենք կապ փնտրում, թողնենք իրենց խղճին»,- գրել է Ավագյանը:








































