«Հրապարակ»-ը խմբագրականում գրում է. «Երբ 2008-ին Վահե Շահվերդյանը հեռացվեց Սունդուկյանի անվան թատրոնից, պաշտոնական բացատրությունն այն էր, թե Մայր թատրոնը դարձել է մի մարդու թատրոն, բեմադրություններ դնում է միայն Շահվերդյանը, և այստեղ «աճում-բարգավաճում է» նրա ազգուտակը: Ոմանք թեթևացած շունչ քաշեցին, թե Փափազյանի, Խորեն Աբրահամյանի, Աճեմյանի, Արուս Ոսկանյանի, Գուրգեն Ջանիբեկյանի և մեր մյուս մեծերի թատրոնը վերածնունդ կապրի ու կծաղկի: Մանավանդ մշակույթի նախարարությունը գնաց ոչ տրադիցիոն ճանապարհով` որոշեց նոր գեղարվեստական ղեկավար չնշանակել, թատրոնը բացել բոլոր բեմադրիչների առաջ, դարձնել ազատ բեմ, որ բոլոր շնորհալիները բեմադրելու հնարավորություն ստանան, ինչի արդյունքում կշահեն մշակութային կյանքն ու հանդիսատեսը: Բայց տարիներն անցնում էին, իսկ նոր ներկայացումներ կամ չէին հայտնվում, կամ դրանք այնքան գորշ էին, որ ոչ մշակութային կյանքն էր հարստանում, ոչ հանդիսատեսն էր ինչ-որ բան նկատում:
Մոտ 10 ամիս առաջ վերջապես մշակույթի նախարարությունը հասկացավ, որ Սունդուկյանին, այնուամենայնիվ, գեղարվեստական ղեկավար է հարկավոր, և նշանակեց Տիգրան Գասպարյանին: Ոչինչ, որ վերջինս հանրությանը հայտնի էր միայն սերիալներում իր խաղացած դերերից, նրա առաքելությունը Սունդուկյան թատրոնի վերածնունդը, ստեղծագործական մթնոլորտի, շնորհալի երիտասարդների վաղուց խոստացված մուտքը թատրոն ապահովելն էր: Ավաղ, պետք է արձանագրենք, որ 10 ամսվա ընթացքում թատրոնում ընդամենը երկու գործ է բեմադրվել, որոնցից մեկին անգամ ՀՀ նախագահի ներկայությունն ապահովել են, բայց թատերակպն բում ապահովել չեն կարողացել: Նոր անուններ թատրոնում չեն հայտնվել: Ավելին` թատրոնում մթնոլորտն այնքան է փչացել, որ աշխատակազմը, բաժանվել է անհաշտ թևերի»:








































