Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերիային, վերջինիս խնդրանքով:Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից:
Այցը քաղաքավարական էր: Շնորհավորելով հյուրին դիվանագիտական նման բարձր պաշտոնի նշանակվելու կապակցությամբ, նախարարը համառոտակի ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության իրավիճակը, զարգացման միտումներն ու ծրագրերը:
«Չնայած վերջին տարիներին արձանագրված դրական տեղաշարժերին գյուղատնտեսության զարգացման մեջ, մենք դեռ լուրջ անելիքներ ունենք և անչափ կարևորում ենք դրսի փորձի ընդօրինակումը: Ձեր երկիրը զարգացած անասնապահության երկիր է, և հատկապես այս ոլորտում է ցանկալի սերտացնել համագործակցությունը մեր երկու երկրների միջև»,- նշել է նախարարը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Դիեգո Ռիվերան պատրաստակամություն հայտնեց իր գործունեությամբ հնարավորինս օժանդակել հայ-արգենտինական համագործակցության զարգացմանը: Նա նշել է, որ առաջիկա գործակցության ուղիների որոշակիացման համար ինքը բերել է Գյուղատնտեսական և Արդյունաբերական Տեխնոլոգիաների Ազգային Ինստիտուտների գործունեության մասին համապարփակ տեղեկատվություն և կցանկանար դրանց վերաբերյալ ստանալ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կարծիքը համագործակցության հնարավորությունների մասին:
Մեկ անգամ ևս կարևորելով գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունն առաջիկա համատեղ ծրագրերի իրականացմանը, ըստ ամենայնի աջակցելու վերաբերյալ:









































