Գյումրիի Մուշ-2 թաղամասում բնակարանների հանձնումն անընդհատ հետաձգվում էր: Որոշված էր, որ 1,756 անօթևան ընտանիքներին, որոնք տեղավորվելու են Մուշ-2-ի 33 և Անի թաղամասի 5 նորակառույցներում, բանալիները կհանձնվեն նոր քաղաքապետի պաշտոնավարման առաջին օրը` հոկտեմբերի 12-ին: Հետո, իբր, վատ եղանակի պատճառով, բնակարանամուտը հետաձգվեց երեք օրով: Իսկ երեկ բնակարանատերերը վերջապես հասկացան, որ այս ձմռանն էլ են դոմիկներում ապրելու: Նաև պարզ դարձավ, որ հանդիսությունը հետաձգվում էր, որովհետև ՀՀ նախագահը ցանկություն էր հայտնել ներկա լինել բացմանը:
«Հրապարակ»-ը գրում է, որ երեկ նա ժամանել էր Գյումրի, բայց բնակարանների հանձնման ժամանակ ելույթ չէր ունեցել, ինչից գյումրեցիները միանգամից հասկացել էին, որ Սերժը դժգոհ է: Արարողությունը ճոխ չէր ստացվել: Նախագահը 6 տուն էր մտել, շնորհավորել բնակարանների տերերին: Նոր քաղաքապետ Բալասանյանն ու քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը կարճ ելույթներ էին ունեցել, ապա` տուն ստացող մի երկու քաղաքացիներ: Հավաքվածներն էլ, որոնք մեծ հետաքրքրությամբ էին հետևել «բացմանը», հակասական կարծիքներ էին հայտնել տեղերից: Պատմում էին, որ յուրաքանչյուր բնակարանի համար մի թերթիկ էր լրացված եղել, որը հանձնվել էր տիրոջը: Այնտեղ գրված է եղել, թե ինչ ֆիրմայի պատուհաններ, դռներ են օգտագործված, ինչ գազօջախ, «Արիստոն»: Հավաքվածների մյուս մասն էլ քննադատել էր շինարարներին, որոնք «լամպոչկեքը» առաստաղի հենց մեջտեղից չէին կախել կամ «պադակոննիկներն» էին սխալ դրել, շինարարական աղբը պարսպի հետևը թողել, «կարնիզն» էին վատ կախել, բաղնիքներում էլ «ջակուզի» չկար: Մի կին ռեպլիկ էր թողել, թե իր դոմիկն էս «կվարտիրաներից» լավն է:
Միջոցառումը հարամել էին մի քանի թոշակառուներ, որոնք փորձել էին իրենց սոցիալական հարցերով մոտենալ նախագահին, բայց օրվա սկանդալի հերոսները նրանք չեն եղել, այլ ցուցակներից հանված անօթևանները, որոնք աղմուկ են բարձրացրել և «թռել» նախագահի երեսին: Նրանք բողոքել էին բնակարանների բաշխման գործընթացից: Խոսքն այն 400 անօթևան ընտանիքների անդամների մասին է, որոնց քաղաքապետը ներկայացրել էր բնակարան ստացողների հերթացուցակում, կառավարությունն էլ հաստատել էր, սակայն բնակարանային բաշխման հանձնաժողովը նրանց տարբեր պատճառաբանություններով մերժել էր տներ հատկացնել: Այս 400 մարդիկ անգամ դատարանների միջոցով չեն կարողանում վերականգնել իրենց իրավունքները, քանի որ ներքին հրահանգ կա դատարաններին, որ այս կոնտինգենտից հայցադիմումներ չընդունեն կամ էլ, եթե ընդունում են, մերժեն հայցերը: Դժգոհները Սերժ Սարգսյանին են մոտեցել, գոռգոռալով և հարցնելով. «Մեզ ինչի՞ կխաբեք»: Մի խոսքով, նախագահը մռայլ տպավորություն է ստացել Գյումրիից:
Իր դժգոհությունները բնակարանների ներքին հարդարումից և ջեռուցման սարքերի անբավարար քանակից, նաև շինարարության որակից նա արտահայտել է խորհրդակցության ժամանակ: Նախագահը հանձնարարել է թերությունները շտկել, իսկ շինարարները խոստացել են դա անել մինչև հաջորդ տարվա մայիսի 15-ը: Հիշեցնենք, որ Գյումրիի Մուշ-2 և Անի թաղամասերի նորակառույցների շինարարությունն արվել է ռուսական վարկի գումարներով: Բնակելի տարածքի մեկ քառակուսու վրա «Գլենդել հիլզ» ՓԲԸ-ն ծախսել է 186 հազար դրամ:










































