«Դոկտոր Նոու»-ի և Love Me Do-ի թողարկման օրից անցել է 50 տարի: Երկու հոբելյանները նշելու համար եկեք դիտարկենք փոփ մշակույթի այս երկու լեգենդների միջև հնարավոր կապերը:
1962թ. հոկտեմբերի 5-ին` աշխատանքային օրն ավարտելուց հետո, շատերը կանգնել էին երկընտրանքի առջև` նայել «Դոկտոր Նոու» ֆիլմը Ջեյմս Բոնդի նոր հերոսո՞վ, թե՞ ծանոթանալ «Բիթլզի» Love Me Do առաջին երգին: Չնայած երկու ստեղծագործությունները փիլիսոփայական առումով բացարձակապես նման չեն, սակայն հայտնվեցին միաժամանակ և շատ ընդհանուր բաներ ունեն: Դիտարկենք դրանց 10 հանդիպումները:
1. Զալցմանի և Բրոքոլիի անհաջողությունը (1963)
Ի սկզբանե Հարրի Զալցմանի և Ալբերտ Բրոքոլիի Eon Production ընկերությունը պետք է ամեն տարի մեկ ֆիլմ թողարկեր United Artists-ի համար: «Սիրով Ռուսաստանից»-ի նախապատրաստման համար Զալցմանի ընկեր լրագրող Դոնալդ Զեկը նրան խորհուրդ էր տվել «Բիթլզի» հետ համատեղ նախագիծ իրականացնել: Բրոքոլին նախընտրեց նկարահանել Call Me Bwana ֆիլմը, որը պակաս հաջողակ էր, քան A Hard Day’s Night-ը` «Բիթլզի» առաջին բեմելը մեծ էկրանին: Դա ընկերության առաջին և միակ ֆիլմն էր, որը նվիրված չէր Ջեյմս Բոնդին:
2. Ջեյմսը չի սիրում «Բիթլզին» (1964)
«Խմել 1953 թվականի Դոմ Պերինյոն 3 աստիճանից բարձր ջերմաստիճանում նույնն է, ինչ լսել «Բիթլզ»` առանց ականջների փականի»,- ասում է Բոնդը Gold Finger-ում: Ամենայն հավանականությամբ, նա չէր սիրում բարձր երաժշտություն:
3. Ջորջ Մարտինը վահանակի մոտ (1964)
Չնայած Զալցմանը և Բրոքոլին բաց թողեցին «Բիթլզին» իրենց դերասաններ դարձնելու հնարավորությունը, նրանք այնուամենայնիվ կարողացան աշխատանքի հրավիրել նրանց շրջապատից մի մարդու: «Հինգ բիթլներից» մեկը` Ջորջ Մարտինը, հանդես եկավ որպես Gold Finger-ի պրոդյուսեր:
4. «Բիթլզը» ծաղրում է Բոնդին (1965)
Help ֆիլմի համար լիվերպուլյան քառյակը մեծ մասամբ ոգեշնչվել էր «բոնդի» միջավայրով: Life պարբերականը ֆիլմն համարել է «ժամանակակից Բոնդի և ռոմանտիկ միջնադարյան հեքիաթի հիանալի համադրություն»: Համանուն սինգլի տարբերակներից մեկը սկսվում է Ջեյմս Բոնդի թեմայի շուրջ մի փոքրիկ ծաղրով:
5. Բրիտանական ներխուժում
Միևնույն օրը «ծնված» Բոնդը և «Բիթլզը» խորհրդանշում են միևնույն երևույթը. բրիտանական ժամանակակից միտումների ներխուժումը ԱՄՆ` պատերազմից 20 տարի անց: 1964 թվականի ապրիլին ամերիկյան հիթ շքերթներում «Բիթլզը» զբաղեցրել էր բոլոր հինգ վերին հորիզոնակնները:
6. Գրաֆիտի Casino Royal-ից (1967)
Ջեյմս Բոնդի այս ծաղրանքում, որը տեղի է ունենում փարիզյան հասարակական զուգարաններում, պատի վրա կարելի է նկատել «Բիթլզ» գրությունը: Այն ժամանակ խումբը փառքի գագաթնակետին էր, իսկ ֆիլմը թողարկվեց նրանց Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band ալբոմից երկու ամիս առաջ:
7. Բլոնդ. Ջեյմս Բլոնդ (1967)
Երբեմն «Բիթլզը» պետք է պայքարեր կանանց սրտերի համար: Նրանց Փենի Լեյն մուլտֆիլմի դրվագներից մեկում քառյակը Լիվերպուլի համանուն փողոցում փորձում է կանգնեցնել գողերին, որպեսզի ջարդի Ջեյմս Բլոնդ անունով դետեկտիվի քիթը:
8. Ռինգոն Բոնդի դերում (1969)
On Her Majestys Secret Service ֆիլմից հետո Ռինգո Սթարը հարցազրույցի ժամանակ հումորով է խոսել Բոնդի դերի մասին:
9. Մակա և Մուր (1973)
Չնայած «Բիթլզին» այդպես էլ չհաջողվեց երգ գրել Բոնդի համար, սակայն Պոլ Մակարտնին այնուամենայնիվ աշխատել է Live And Let Die-ի վրա` The Wings-ի հետ միասին: Ֆիլմն այնքան էլ հաջող չստացվեց, սակայն Abbey Road-ի լիրիկական մոտիվներով երգը հաջողակ դարձավ:
10. Ստրոբերի Ֆիլդս (2008)
Հանի Ռայդեր, Փուսի Հալոր, Վեսփիր Լինդ… Բոնդի սցենարիստները հնչեղ անուններ ընտրելու տաղանդ ունեն: Այնպես որ ոչ մի զարմանալի բան չկա, որ «Բիթլզի» գեղեցիկ երգերից մեկի անունը Ջեմմա Արթերթոնի կերպարի անունն է դարձել` Բոնդի մասին պատմող վերջին Quantum of Solace ֆիլմում:









































