Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը կարծում է, որ լավ կլինի, եթե Ֆրանսիան կամ ԱՄՆ-ը ակտիվացնեն ջանքերը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում: Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ կակտիվացնի ջանքերը հիմնախնդրի լուծման ուղղությամբ և բարձր մակարդակով հանդիպումներ կկազմակերպի երկու երկրների հետ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Կայծ Մինասյանը նշեց, որ լավ կլինի, եթե այդպես լինի, սակայն այս փուլում դա անիմաստ է: «Կարծում եմ, մի քիչ անիմաստ է, որովհետև գիտենք, որ բանակցային գործընթացը մի քիչ սառեցվել է Սաֆարովի դեպքի հետևանքով»,- ասաց նա:
Կայծ Մինասյանի խոսքերով՝ ԵՀԱԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Ֆրասիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը, պետք է հստակեցնեն իրենց կեցվածքը Ղարաբաղի խնդրի վերաբերյալ: Ըստ նրա՝ մի կողմից ֆրանսիացիներն ու ամերիկացիները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ասում են, թե ճանաչում են Հարավային Կովկասի 3 պետությունների տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից՝ Օբաման, Սարկոզին կամ Պուտինը հայտարարում են, թե հարգում են երեք սկզբունքները՝ ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը և հավասարության ու խաղաղության սկզբունքը: «Դա նշանակում է, որ տարօրինակ բան կա այստեղ: Հստակ պետք է լինի համանախագահող պետությունների կեցվածքը»,- ասաց նա:
Միաժամանակ Կայծ Մինասյանը նկատեց, որ Ղարաբաղի հարցում այսօր լարված է իրավիճակը: Ըստ նրա՝ ինչպե՞ս կարելի է բանակցել մի պետության հետ, երբ այդ պետությունն ուզում է ջարդել քեզ ու ոչնչացնել: «Վստահության հարց կա: Արդեն վստահության սկզբունքը չկա Մինսկի խմբի մեջ և բանակցային գործընթացում: Ինչպե՞ս կարելի է վստահել այն պետության նախագահին, որը մի կողմից Բուդապեշտում ստորագրում է փաստաթուղթ, որ, այո, մարդը պետք է պատժվի, բայց բերելով իր երկիր՝ այդ մարդուն հերոսացնում է»,- հարցադրում է անում Կայծ Մինասյանը:









































