ԱՄՆ-ը և Աֆղանստանը հաստատել են «Թալիբան» շարժման հետ բանակցություններ վարելու և հաշտվելու իրենց մտադրությունը, որը զինված պայքարից և ահաբեկչական գործողություններից հրաժարվելու դեպքում կարող է ներառվել աֆղանական տարածքում պետական շինարարության քաղաքական գործընթացում: Այս մասին ասված է երկկողմ ամերիկա-աֆղանական հանձնաժողովի` չորեքշաբթի Վաշինգտոնում տեղի ունեցած առաջին նիստից հետո արված համատեղ հայտարարությունում,- հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Փաստաթղթում նշված է, որ հանդիպման մասնակիցները արտահայտվել են հօգուտ Աֆղանստանում խաղաղ գործընթացի, «որի միջոցով առանձին մարդիկ և խմբավորումներ կկարողանան խզել կապերն «Ալ-Քաիդա»-ի հետ, հրաժարվել բռնությունից և ենթարկվել Աֆղանստանի Սահմանադրությանը»: Հաշվի առնելով 2014-ի վերջին ամերիկյան զորքերի դուրսբերումն Աֆղանստանից ու երկրի պաշտպանությունն աֆղաններին հանձնելը` «երկու կողմերը հաստատել են զինված ընդդիմության հետ տարբեր կապերի օգտագործման կարևորությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Կարևորվել է նաև աֆղանական հաշտեցման գործում Պակիստանի դերը, միջազգային հանրությանը կոչ է արվել «լրացուցիչ գործնական քայլեր ձեռնարկել» այդ գործընթացի օգտին:
ԱՄՆ-ը և Աֆղանստանը նաև Անվտանգության հարցերով երկկողմ համաձայնագրի պատրաստման հետ կապված բանակցություններ սկսելու մտադրություն են հայտնել, որը, մասնավորապես, կհստակեցնի նրանց հետագա ռազմական փոխհարաբերությունները:











































