Մարտի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանեց Բրատիսլավա, ուր մասնակցեց Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) հանդիպմանը, որին մասնակցեցին նաև ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների, ինչպես նաև Գերմանիայի արտգործնախարարները, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և հարևանության ու ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Հանդիպումը տեղի էր ունենում Վիշեգրադյան քառյակի հիմնադրման քսանամյակի շրջանակներում և նվիրված էր Արևելյան գործընկերների ու Եվրոպական Միության միջև համագործակցության հեռանկարներին, ակնկալիքներին և հետագա անելիքներին:
Նիստին ելույթով հանդես եկավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որը ներկայացրեց Հայաստան-ԵՄ համագործակցության հիմնական ուղղությունները՝ ուրվագծելով Հայաստանի սպասելիքները ԵՄ-ի հետ խորացված գործընկերությունից:
Արձագանքելով Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ մեկնաբանություններին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Արևելյան գործընկերությունը ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումների և կարգավորման ձևաչափը չէ, միջազգային հանրության կողմից ձևավորված և աջակցվող միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է: Ադրբեջանի ներկայացուցչի ապակողմնորոշման փորձերին ի պատասխան՝ Էդվարդ Նալբանդյանը համապատասխան պարզաբանումներ տվեց:
Բրատիսլավայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր սլովակ գործընկեր Միկլոշ Ձյուրինդայի հետ:
Բանակցությունների օրակարգում էին երկկողմ հարաբերությունների առնչվող հարցերի լայն շրջանակ՝ բարձրաստիճան այցերի կազմակերպում, միջխորհրդարանական կապերի զարգացում, իրավապայմանագրային դաշտի ընդլայնում, մշակութային փոխանակումների ակտիվացում, էներգետիկայի, կրթության, տուրիզմի բնագավառներում համագործակցության զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Սլովակիայի նախագահին ուղղված՝ ՀՀ նախագահի՝ Հայաստան այցելելու հրավերը:
Նախարարները մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Միկլոշ Ձյուրինդան տեղեկացրեց, որ շուտով Սլովակիան մուտքի արտոնագրեր կտրամադրի Երևանում Լեհաստանի դեսպանության միջոցով: Այս ենթատեքստում նաև քննարկվեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացը:
Բրատիսլավայում Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգի հետ էր:
Նախարարները գոհունակություն հայտնեցին 2010 թ. երկկողմ հարաբերություններում արձանագրված ակտիվության առնչությամբ՝ ընդգծելով դրական դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը:
Չեխիայի ԱԳ նախարարը բարձր գնահատեց անցյալ տարի Հայաստանի կողմից Պրահայում դեսպանության հիմնումը՝ նշելով, որ դա լուրջ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացումը խթանելու համար: Նախարար Շվարցենբերգը տեղեկացրեց, որ մինչ Հայաստանում դեսպանության բացումը Չեխիան շուտով դիվանագետ կգործուղի Երևանում գործող եվրոպական երկրներից մեկի դեսպանություն:
Նախարարները համաձայնություն ձեռք բերեցին ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների ակտիվացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման վերաբերյալ, քննարկեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Էդվարդ Նալբանդյանն ու Կարել Շվարցենբերգը մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների, ասոցիացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների, խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքների, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացմանն առնչվող հարցերի շուրջ:
Երեկոյան արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ուղևորվեց Երևան:








































