Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի գործող խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը ճանաչում է Վրաստանի խորհրդարանական ընտրություններում իր պարտությունը և պատրաստ է վերածվել ընդդիմադիր ուժի.
«Մենք կմտնենք խորհրդարան և կաշխատենք «Վրացական երազանքի» հետ՝ հարգելով ժողովրդի ընտրությունը: Միխեիլ Սաակաշվիլիի քաղաքական թիմն ամեն ինչ արել է, որ երկրում հնարավոր լինի ազատ ընտրությունների անցկացումը և ընտրությունների միջոցով իշխանափոխություն անցկացնելը:
Մենք պատրաստ ենք օրինակ ծառայել, որ պետք է հարգել ժողովրդի ընտրությունը, հարգել պետության շահերը: Մենք պատրաստ ենք խորհրդարանում «Վրացական երազանքի» հետ կառուցողական աշխատանքին: Մենք շնորհակալ ենք մեր ընտրողներին»:
Նշվում է, որ նախնական տվյալներով՝ համամասնական ընտրակարգով «Միասնական ազգային շարժումը» ստացել է քվեների 40 տոկոսը, իսկ մեծամասնական ընտրակարգով հաղթել է 35 օկրուգում:









































