«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ հոկտեմբերի 3-ից սկսած՝ սկսելու է իր համակիրների հետ քննարկել ապագա նախարարների և խորհրդարանի նախագահի թեկնածուների հարցը: Կոնկրետ անուններ դեռ չեն հայտարարվել:
Երեկ երեկոյան Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում Իվանիշվիլին հայտարարել է, որ վերջին 8 տարիներին Վրաստանում անցկացված բարեփոխումները տապալվել են, իսկ դրանց մի մասը նա որակել է որպես «ապշեցնող անեկդոտային»:
Հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ «Վրացական երազանքը» ստացել է քվեների 55 տոկոսը, իսկ իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը՝ 40 տոկոսը: Մնացած կուսակցություններին չի հաջողվել հաղթահարել 5 տոկոսանոց նախընտրական շեմը և մուտք գործել խորհրդարան:











































