Հայաստանի ոստիկանների համար ստեղծվել է ուղեցույց, որը սահմանում է հավաքների ժամանակ ոստիկանության կողմից կատարվելիք գործողությունները: Հավաքի մասնակիցների և ոստիկանների իրավունքներն ու պարտականությունը սահմանող այս փաստաթուղթը թերևս իդեալական բովանդակություն ունի, եթե հաշվի առնենք, որ մշակվել է միջազգային փորձագետների խորհրդատվությամբ: Ուղեցույցով առաջնորդվելու դեպքում պետք է, որ Հայաստանում մարտի 1-եր չկրկնվեն: Սակայն մյուս կողմից չկա ոչ մի երաշխիք, որ այս ուղեցույցը չի ծառայի ընդամենը որպես թղթի կտոր, և քաղաքական լարված պայմաններում, իշխանությունների համար վճռորոշ պահին նույն այդ իշխանությունները չեն կրկնի մարտիմեկյան սցենարը:
Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը երեկ իդեալական համարեց «Ոստիկանության մասին» նոր օրենքը և նշեց, որ Հայաստանում ձևավորվում է խաղաղ հավաքներ անցկացնելու մշակույթը: Միաժամանակ նա փաստեց, որ Հայաստանն այս առումով դեռևս շատ հեռու է եվրոպական երկրներից: Փոխոստիկանապետը հավատացրեց, որ եթե Հայաստանում Մարտի 1-ի նման իրավիճակ կրկնվի, ոստիկանությունը ջանքեր կգործադրի, որ ամեն ինչ անցնի խաղաղ: «Ոստիկանությունը ներկայումս գտնվում է բարձր մակարդակի վրա` և՛ պատրաստվածության, և՛ ինտելեկտուալ առումով և ամեն ինչ անելու է, որ ցանկացած հավաք անցկացվի խաղաղ: Իսկ եթե հավաքի մասնակիցները օրենքով նախատեսված սահմանները կամ իրենց պարտականությունների սահմաններն անցնեն, ոստիկանությունը պետք է լինի պատրաստվածության բարձր մակարդակի վրա, որպեսզի թույլ չտա նման զանգվածային անկարգություններ»,- ասաց Օսիկյանը: Նա նշեց, որ «Ոստիկանության մասին» օրենքում կատարված փոփոխություններով՝ հավաքների ժամանակ նախատեսված է ուժ կիրառել ծայրահեղ դեպքում միայն: Նույնը սահմանված է նաև ոստիկանների համար մշակված ուղեցույցով:
«Առաջին լրատվական»-ը երեկ զրուցեց մասնագետների հետ՝ պարզելու, թե որքանո՞վ կհաջողվի քաղաքական լարված պայմաններում բացառել բանակի մասնակցությունը հանրահավաքները ցրելու հարցում և արդյոք Հայաստանի իշխանությունները կունենա՞ն անհրաժեշտ քաղաքական կամք՝ հետևելու օրենքի տառին:
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հավաքների ազատության փորձագիտական խմբի ղեկավար Նիլ Ջարմանը մեզ հետ զրույցում նշեց, որ հայաստանյան օրենքները լավն են: Նա մասնավորապես անդրադարձավ «Հավաքների ազատության մասին» օրենքին՝ նշելով, որ իշխանությունների և ոստիկանության կողմից կարծես թե պատրաստակամություն է նկատվում աշխատել մարդու իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ: Միաժամանակ եվրոպացի փորձագետը նշեց, որ նախագահական ընտրությունները և՛ իշխանությունների, և՛ ընդդիմության, և՛ քաղաքացիական հասարակության համար մարտահրավեր են լինելու: Ըստ Ջարմանի՝ ամեն ինչ պետք է արվի կանխելու այնպիսի զարգացումները, ինչպիսիք տեղի ունեցան 2008 թվականի մարտի 1-ին: Մարտիմեկյան 10 սպանությունների չբացահայտման հարցը նույնպես անհանգստացնում է եվրոպացի փորձագետներին: Նիլ Ջարմանն ասաց, որ սպանությունները պետք է շուտ հետաքննվեն, և մեղավորները պատժվեն: «Եթե դա չի արվում, ուրեմն պոտենցիալ հնարավորություն կա գործ ներկայացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ընդգծեց նա:
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքով սահմանված այն դրույթը, թե արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանը պետք է ներգրավվի նաև բանակը, հեղինակավոր փորձագետը նորմալ է համարում՝ նշելով, որ շատ երկրների օրենքներում նման դրույթներ կան: Իսկ ինչ վերաբերում է հավաքների ժամանակ բանակի ուժերի ներգրավմանը, ապա, Նիլ Ջարմանի խոսքով, բանակը պետք է օգտագործվի բացառապես ազգային անվտանգության նկատառումներից ելնելով: «Բանակի օգտագործումը ցույցերի ժամանակ վտանգավոր է, որովհետև բանակն ինքն ի վիճակի չէ աշխատելու խաղաղ ցուցարարների հետ, խաղաղ բնակչության հետ: Դրա համար կա ոստիկանություն, ավելի լավ է, այդ գործը ոստիկանությունն անի»,- նշեց նա: Մասնագետն ասաց, որ պետք է հստակ շեմ սահմանվի, թե որ իրավիճակում պետք է բանակի ուժը կիրառվի, իսկ այդ սահմանը խախտելն անթույլատրելի է:
Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը հակասահմանադրական որակեց Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ արտակարգ դրություն հայտարարելն ու բանակը խաղաղ ցուցարարների դեմ հանելը: «2008 թվականին արտակարգ դրություն հայտարարելը բացահայտ հակասահմանադրական որոշում էր, և որևէ օրենքով սահմանված դրդապատճառ չկար արտակարգ դրություն հայտարարելու համար: Եթե, Աստված չանի, լինեն նույն փաստական հանգամանքները, ինչ որ Մարտի 1-ին էր, և իշխանությունները նույն կերպ գործեն, բանակը որպես, այսպես կոչված, արտակարգ դրության հետևանքները կամ արտակարգ դրությունը վերացնելու միջոց օգտագործեն, դա կլինի հակասահմանադրական»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վարդան Պողոսյանը: Ըստ նրա՝ բանակը պետք է օգտագործվի միայն իսկական արտակարգ դրությունների ժամանակ՝ քաղաքացիական պատերազմի, երկրի ներսում դիվերսիոն հարձակումների և նմանատիպ դեպքերում, ինչն էլ նախատեսված է օրենքով: Իսկ 2008 թվականին, ըստ մասնագետի, երկրի նախագահը սեփական քաղաքական ապագան որոշելու համար գնաց այդ քայլին, բանակը գործի դնելու համար չկար ոչ մի օբյեկտիվ նախապայման: Ընդհանրապես Վարդան Պողոսյանը կարծում է, որ հավաքների ազատության անցկացման ոլորտում առաջընթաց է գրանցվում: Նա հիշեց, որ մինչև «Հավաքների ազատության մասին» նոր օրենքի ընդունումը քաղաքական առումով ոչ հաջող հավաքները պարզապես այս կամ այն պատրվակով չէին թույլատրվում: «Հայաստանում չի եղել ոչ մի ընտրություն՝ ո՛չ նախագահական, ո՛չ խորհրդարանական, որից հետո չլինեն զանգվածային բողոքներ: 2012 թվականին դա չկար: Հիմա շատերը հարցնում են՝ իսկ կա՞ երաշխիք, որ 2008-ը չի կրկնվի: Ես ասում եմ, որ երաշխիքը կարող է լինել միայն այն դեպքում, երբ և՛ իշխանությունները, և՛ հանրությունը, նրանք, ովքեր հավաքներ են անցկացնում, պաշտպանեն էն, ինչը կա Սահմանադրությունում և օրենքում: Համենայնդեպս, մենք լավ օրինակ ունենք, որ 2011 թվականի հավաքները, չնայած քաղաքական լարվածությանը, անցկացվել են շատ քիչ խախտումներով, իսկ 2012 թվականին էլ խիստ շեղումներ օրենքի դրույթներից չեն եղել»,- ընդգծեց սահմանադրական իրավունքի մասնագետը:
Ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը, սակայն, նշեց, որ լավ օրենք ունենալն ընդհանրապես կապ չունի իշխանությունների քաղաքական կամքի հետ: ՆԳ նախկին նախարարը հիշեց, որ 2008 թվականին իշխանությունները չհետևեցին օրենքի տառին, ուժ կիրառեցին սեփական ժողովրդի նկատմամբ: «Իշխանությունը պահելու համար խաղաղ քաղաքացիներին գնդակահարեցին: Եվ դա արեցին հիվանդագին դաժանությամբ: Այն ժամանակ էլ դա ոչ մի օրենքով չէր թույլատրվում: Միայն լավ օրենքը բավարար չէ երկիրը լավ պահելու համար, նաև քաղաքական կամք պետք է դրսևորվի, և իշխանությունները պետք է հասկանան, որ ուժով իշխանություն պահելը դա սոսկալի հանցանք է»,- ասաց նա:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ նշեց, որ լավ օրենք ունենալն անհրաժեշտ է, բայց բավարար նախապայման չէ՝ չկրկնելու համար Մարտի 1-ը: «Մինչև 2004 թվականը չենք ունեցել օրենք, գործել է սահմանադրական նորմը, բայց էլի հավաքները հաճախ և՛ արգելվում էին, և՛ ցրվում էին բռնի ուժով: 2004-ից հետո էլ եղան նման դեպքեր: Իսկ ե՞րբ է լինում, որ անկախ օրենքից հավաքները խաղաղ են անցնում: Դա կախված է քաղաքական իրավիճակից: Եթե քաղաքական իրավիճակը լարված լինի, ես չեմ բացառում, որ օրենքը չի գործելու, այլ գործելու է իշխանության կամքը»,- ասաց նա: Իշխանյանը նաև նշեց, որ շատ հնարավոր է սցենարի կրկնություն, քանի որ ավանդույթի համաձայն` հետընտրական շրջանում լարված իրավիճակ է լինում: Ավետիք Իշխանյանը հիշեցրեց, որ 1996 և 2008 թվականներին բանակը հանվել է խաղաղ ցուցարարների դեմ: «Երկու անգամ էլ անօրինական հանվել է, բայց իշխանությունները օրինականացրել են այդպիսի դեպքերում բանակի օգտագործումը: Չի բացառվում, որ լարված իրավիճակում կարող են արտակարգ իրավիճակ հայտարարել և այս անգամ արդեն օրենքով բանակը հանել ժողովրդի դեմ»,- նշեց իրավապաշտպանը:









































