Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ի դիտորդները հայտարարել են, որ Վրաստանն անցկացրել է ժողովրդավարական ընտրություններ: Կազմակերպության պաշտոնական կայքում նշված է հետևյալը.
«Վրաստանը կարևոր քայլեր է ձեռնարկել ժողովրդավարական ընտրությունների անցկացման ուղղությամբ: Չնայած այդ ամենին՝ դեռ առկա են մի շարք առանցքային հարցեր»:
Նշվում է նաև, որ ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին այսօր իր բիզնես-կենտրոնում ընդունել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդին ու սենատորներ Ջին Շահինին ու Ջեյմս Ռիշին:
«Վրացական երազանքի» տարածած տեղեկատվության համաձայն՝ հյուրերը շնորհավորել են Իվանիշվիլիին երեկվա խորհրդարանական ընտրություններում գրանցած հաջողության համար:
Ամերիկացի հյուրերը նաև հույս են հայտնել, որ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերություններն էլ ավելի կխորացվեն ու կամրագրվեն:









































