2012-2013 ուստարվա համար Ֆրանսիայի կրթության նախարարության կողմից կազմված պատմության և աշխարհագրության դասագրքերում 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բաժին է ներառվել, գրում է թուրքական Milli Gazete-ը:
Դասագրքերում «Հայոց ցեղասպանություն» հասկացության ներառումը արդյունք է ֆրանսաբնակ հայերի կողմից ճնշումների, ինչպես նաև այդ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի անհանգստության՝ կապված ընտրողների ձայները կորցնելու մտահոգության հետ:
Հարցի տհաճ կողմն այն է, որ 14-15 տարեկան երիտասարդ ֆրանսիացիները կարծելու են, որ Հայոց ցեղասպանությունը պատմական ճշմարտություն է և այդ գիտելիքներով էլ սկսելու են իրենց պրոֆեսիոնալ կյանքը: Նրանցից ոմանք հետագայում մուտք են գործելու քաղաքականություն և որոշումներ են կայացնելու՝ ելնելով իրենց ունեցած այն գիտելիքներից, որ թուրքերը ցեղասպանել են հայերին:
Հենց այդ գիտելիքների ազդեցության ներքո էլ նրանք հարաբերություններ են կառուցելու Թուրքիայի և թուրք ժողովրդի հետ: Ինչպիսի՞ն կլինեն այդ հարաբերությունները՝ դժվար չէ կանխագուշակել: Քաղաքական նման մեծ սխալ գործելով՝ Ֆրանսիան թուրք ժողովրդի թշնամիների սերունդ է դաստիարակում: Չնայած այդ պրակտիկան անհասկանալի է, սակայն զարմանալի ոչինչ չկա: Մեր առջև Եվրոպայի դասական պատկերն է, գրում է թուրքական պարբերականը:









































