1874թ. այս օրը Էջմիածնում բացվեց Գևորգյան ճեմարանը:
1866թ. Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը, հանդիպելով Ռուսաստանի Ալեքսանդր II ցարին, արտոնություն է ստանում հիմնադրելու հոգևոր կրթական հաստատություն: Ճեմարանի շինարարությունն սկսվում է 1869-ի մայիսի 25-ին: Նույն թվականին Ռուսաստանի լուսավորության նախարարության վավերացրած կանոնադրությամբ ճեմարանն ունենալու էր երկու բաժին՝ դասարանական՝ 6-ամյա և լսարանական՝ 3-ամյա ուսուցմամբ և տալու էր հոգևոր բարձրագույն կրթություն:
1882-ին, երբ ճեմարանին է միացել Էջմիածնի ժառանգավորաց դպրոցը, կոչվել է Ժառանգավորաց հոգևոր ճեմարան: Հետագայում հիմնադրի անունով վերանվանվել է Գևորգյան Ճեմարան:
Չնայած գործադրված ջանքերին՝ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու օրոք շրջանավարտներից որևէ մեկը կուսակրոն հոգևորական չի դարձել: Ճեմարանում ավելի շատ իշխել է աշխարհիկ ոգին: Ճեմարանը տվել է բազմակողմանի ընդհանուր կրթություն: Ավելի քան 50 տարի Անդրկովկասի հայկական դպրոցների ուսուցչական կազմը համալրվել է ճեմարանի շրջանավարտներով:
1917-ի վերջին քաղաքական ու ռազմական անբարենպաստ պայմանների հետևանքով, Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի որոշմամբ, ճեմարանը դեկտեմբերի 21-ին առժամանակ դադարեցրել է պարապմունքները, 1919–1920թթ. փորձեր են կատարվել Գևորգյան Ճեմարանը վերաբացելու ուղղությամբ, սակայն ապարդյուն:
1945-ի նոյեմբերի 1-ին Գևորգ Զ Չորեքչյանի ջանքերով բացվել է Էջմիածնի հոգևոր ճեմարանը, որը, ավելի համեստ շրջանակներում, շարունակում է Ճեմարանի ավանդույթները: 1995թ. Ճեմարանի շենքը որպես սեփականություն վերադարձվել է Մայր աթոռին և 1996–1997թթ. հիմնովին վերանորոգվել: 1997–1998թթ. ուսումնական տարվա շեմին տեղի է ունեցել Ճեմարանի վերաբացման հանդիսությունը: Գարեգին Բ Կաթողիկոսի հրամանով և անմիջական մասնակցությամբ հիմնարար փոփոխություններ մտցվեցին ուսումնական ծրագրերում։ 2001-2002թթ. ուսումնական տարում Գևորգյան Հոգևոր Ճեմարանը ստացավ բարձրագույն կրոնական հաստատության կարգավիճակ։
Հաշվի առնելով ուսումնական ծրագրերի թարմացումն ու հարստացումը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Գևորգյան Հոգևոր Ճեմարանին շնորհել է Աստվածաբանական համալսարանի կարգավիճակ։









































