Քաղաքական շրջանակներում լուրեր են պտտվում այն մասին, որ վերջերս «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ԲՀԿ ընտրացուցակով պատգամավոր դարձած Վարդան Օսկանյանի միջնորդությամբ սկսել է բանակցություններ վարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որպեսզի ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների ժամանակ սատարի Հովհաննիսյանի թեկնածությունը: Նույնիսկ ասվում է, որ Ծառուկյանն ու Հովհաննիսյանը հանդիպել են: «Ժառանգության» փոխնախագահ Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ո’չ հաստատեց, ո’չ հերքեց լուրը, իսկ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հերքեց:
Թերթը հավելում է, որ «Ժառանգության» նկատմամբ ԲՀԿ-ականների դրսևորած ընդգծված բացասական վերաբերմունքը (նաև իրենց լրատվամիջոցներով) նկատելիորեն փոխվել է: Եվ գուցե Րաֆֆուն պաշտպանելու մասով որևէ հայտարարություն չարվի, բայց միմյանց չցեխոտելու շուրջ բանակցությունների արդյունքում հաստատ պայմանավորվածություն ձեռք կբերվի:







































