ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի աճուրդում վաճառքի են հանվել Յոզեֆ Գեբբելսի դպրոցական, ուսանողական տարիների նամակները, բանաստեղծությունները, շարադրությունները և այլ փաստաթղթեր: Աճուրդը տեղի է ունենալու սեպտեմբերի 27-ին:
Փաստաթղթերի հավաքածուն ներառում է մինչև 1924 թ. Գեբբելսի գիտական աշխատությունները, բանաստեղծությունները, անձնական (այդ թվում՝ սիրային) նամակագրությունը: Աճուրդի տնօրենը նշել է, որ նախատեսվում է վաճառել «1000 էջ» և ակնկալում է, որ դրա համար առաջարկվելու է նվազագույնը 200 000 դոլար:
Աճուրդի տնօրեն Պանագաոպուլոսի խոսքերով՝ փաստաթղթերից կարելի է հետևություն անել, թե ինչպես է Գեբբելսը «համեստ, ամաչկոտ և ռոմանտիկ պատանուց» դառնում արմատական` հակասեմական և միապետական հակումներով անձ: «Նրանցում բավականին տեղեկատվություն է պարունակվում այն մասին, թե ինչպես է մարդը վերածվում խելագարի»,- ավելացրել է աճուրդի տնօրենը:
Այս աճուրդի անցկացումը քննադատության է արժանացել ԱՄՆ-ում: «Տվյալ աճուրդի տունը բիզնես է իրականացնում նացիստական իրերի հաշվին: Գուցե և դա օրինական է, սակայն դրա բարոյական կողմը հարցականի տակ է: Այդ իրերը կարող են ընկնել նեոֆաշիստների ձեռքը»,- հայտարարել է Հոլոքոստ ապրած հրեաների և նրանց սերունդների ամերիկյան ասոցացիայի փոխնախագահ Մենախեն Ռոսենսաֆտը:
Ի պատասխան աճուրդի տնօրենը հայտարարել է, որ աճուրդից ստացված նացիստական իրերի գումարը մասամբ տրամադրվում է թանգարաններին և գիտական կազմակերպություններին: Բացի այդ՝ նա հավաստիացրել է, որ փաստաթղթերի վաճառքից գոյացած գումարները չեն հասնելու Գեբբելսի ժառանգներին, այլ հավաքածուն պատկանել է մի անձնավորության, ով դրանք 1950 թ. դատարանում շահել է քաղաքական գործչի քրոջից:







































