Սաֆարովի հերոսացման կապակցությամբ վերջերս Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հայտարարել էր. «Ես հրաժարվում եմ այն աշխարհի հեռանկարից, որի բարոյական կոդեքսը սկսում է խարխլվել, որտեղ մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքը մերժված է: Սա այն Եվրոպան չէ, որը պիտի ցանկանանք ժառանգել ապագայի սերունդների համար: Ես դատապարտում եմ հանցագործության նման փառաբանումը և կոչ եմ անում բոլորիս պաշտպանել կյանքի նկատմամբ հարգանքն և արժեքներն այնպես, ինչպես դա արվում է Եվրոպայի խորհրդի կողմից»:
Առաջադեմ մարդկության բարեկեցիկ հատվածը ներկայացնող ազգերի ներկայացուցիչները հնչեցնում են նմանատիպ դատապարտող մտքեր և այն ստիպում է մտորել մի շարք խնդիրների մասին: Հաճախ մենք խոսում ենք Ադամ Սմիթից սկիզբ առած ազատական տնտեսական աշխարհակարգի ու դրա առաջացրած բացասական հետևանքների մասին: Սակայն, հավանաբար, հետևանքները արդարացիորեն բաժին հասան այն պետություններին, որոնք չորդեգրեցին բարոյականության ճանապարհը և միայն ականջալուր եղան մեծ մտածողի «Ազգերի հարստությունը» տեսական հաստատումներին` անտեսելով դրան զուգորդված մեկ այլ աշխատություն, որտեղ վերջինս քննարկում էր բարոյականության դրսևորումները:
Այո՛, առաջադեմ աշխարհը խոսեց բարոյականության, արժանապատիվ կյանքի ու մարդու իրավունքների մասին, իսկ երրորդ աշխարհի երկրները կամ էլ ժողովրդավարությունը ավելորդություն համարող նորանկախ պետությունները հայտնվեցին քաղաքակրթության հետնաբակում ու ճաշակեցին «հարստության պերճանքն ու թշվառությունը»: Մենք էլ, ցավոք սրտի, դրանց շարքում ենք:
Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կառավարության կողմից Ադրբեջանին հանձնելու ու վերջինին հերոսացնելու կապակցությամբ հնչում են դատապարտող ուղերձներ, հունգարացիները հայերից ներողություն են խնդրում այս հանցակցության համար: Հայերը վրդովված են, և սա հավանաբար խոսում է մեր առողջության մասին: Համենայնդեպս, կարիք կա ևս մեկ անգամ ճշտելու, արդյո՞ք մենք ընդվզեցինք, որովհետև ազերին էր սպանել հայ սպային, ու մենք վրեժ էինք տենչում, թե՞ այդ անասելի արարքը որակեցինք որպես «ոճրագործություն մարդկության դեմ», երբ ատելության հողի վրա կյանքի իրավունքից զրկվել էր որոշակի էթնիկ խմբի ներկայացուցիչ, ու ընդվզումը ծագեց իրավունքը վերականգնելու տեսանկյունից: Սա, հավանաբար, յուրաքանչյուր հայ իր համար պիտի ճշտի իր ներսում: Սակայն հարկ է նշել, որ իննսուն երեք տարի առաջ, «Նեմեսիս» գործողությունն իրականացնողները պետություն չունեցող հայ ժողովրդին տեղահանած ու բնաջնջումը կազմակերպած գլխավոր հանցագործների նկատմամբ 1919 թվականի Կոստանդնուպոլսի դատարանի մահվան դատավճիռն էին ի կատար ածում: Սա վրիժառություն չէր: Պետություն չունեցող հայ ժողովուրդն իր կազմակերպված հատվածի միջոցով իրացրեց իր իրավունքը և պատասխանատվության ենթարկեց դատապարտվածներին: Այն ժամանակ դեռևս մարդկությունը չէր սահմանել «մարդկության դեմ ոճրագործությունների» դատապարտման իրավական սահմանումն ու իրագործման մեխանիզմները, դեռևս չկար «ցեղասպանություն» եզրույթն ու համապատասխան միջազգայնագիրը: Նույնիսկ այդ պայմաններում, հայ ազգն իր կազմակերպական կարողականություններով ցույց տվեց արդարադատ լինելու իր մղումն ու զերծ մնաց սոսկ վրիժառության գայթակղությունից: Իսկ այսօր մենք պատրա՞ստ ենք պահանջել արդարադատություն ու արժանանալ դրան` ցույց կտա ժամանակը:
Երեք տարիքակից հայ սպա` ՀՀ քաղաքացի, անվերադարձ հեռացել են բռնի մահով: Սակայն, կարծես մեզ թողել են երեք հնարավորություն ինքնամաքրվելու համար: Երեքի դեպքում էլ կան որոշակի ընդհանրություններ: Ռամիլ Սաֆարովին քննած ազերի բժիշկը իր դատաբժշկական փորձաքննության մեջ նշել է, որ հանցագործությունը կատարելու պահին այդ անձը «մասամբ ողջամտությունը կորցրած է եղել»: Արտակ Նազարյանի դեպքում, ի թիվս հանցակազմը վերացնելու փորձերի, իբրև թե ինքնասպանությունից առաջ գրված նոթի վերաբերյալ հոգեբանը տվել է սուտ եզրակացություն: Ըստ հոգեբանի` այն գրված է եղել Արտակի ձեռքով: Վահե Ավետյանի դեպքում ևս նախաքննության ընթացքում քննիչները փորձել են կոծկել հանցագործության հետքերը, որի մասին փաստաբանները և հասարակական շարժումների ներկայացուցիչները բազմիցս բարձրաձայնել են: Հետաքրքիր է, որ Ռամիլ Սաֆարովի դեպքում այսօր արդեն ամենաբարձր մակարդակով` Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհվեց ոճրագործին, ու ադրբեջանցիներին ստիպեցին դափնիներով դիմավորել ու հերոսացնել հակահերոսին: Մենք էլ ազգովի զարմացանք ու ասացինք, որ այդ ազգը հիվանդ է: Իսկապես, դա խորքային ախտահարման արդյունք է, բայց դրա մեծագույն պատասխանատվությունը ընկնում է օրվա վարչակարգի ուսերին և ալիևյան կլանը վաղ թե ուշ պատասխան կտա այդ ոճիրը հովանավորելու ու արժևորելու համար: Ադրբեջանցին էլ թանկ, շատ թանկ գին կվճարի:
Իսկ ի՞նչ գին ենք վճարելու մենք: Արտակ Նազարյանի դատավարությունը շարունակվում է, ու նախաքննության արդյունքում կեղծիքներին ու պետական պաշտոնյաների կողմից հանցակազմի վերացման բացահայտ փորձերին գումարվել է նաև կեղծ դատավարությունը: Վահե Ավետյանի դեպքում նախաքննության ընթացքում ներգրավված պատասխանատուները իրենց հանցավոր կարողությունների չափով վերացրել են իրական հանցագործների հետքերը, մնացել է դատական ընթացքը, սակայն Հայաստանի Հանրապետությունում արդարադատության ճգնաժամի պայմաններում հույսերը զրոյական են: Իհարկե, երկրի նախագահը պարբերաբար խոսում է օրենքի առջև բոլորի հավասար լինելու մասին, սակայն օրինակ` բոլորիս հայտնի եռանկյունում` դատախազություն-ոստիկանություն-դատարան, որևէ փոփոխություն չի հետևում: Տարիներ շարունակ մի խումբ մարդկանց շահերը սպասարկած համակարգից անգամ մեկ «պտուտակ» չի հանվել: Հնարավոր է, որ անգամ պարգևների արժանացած լինեն: Ինչքան էլ տարբեր լինեն այս երեք` այլևս հավերժ երիտասարդների ճակատագրերը, դրանց նկատմամբ որոշ պետական պաշտոնյաների վերաբերմունքում նույնացնող նմանություն է նշմարվում:
Առաջադեմ, հարուստ ու բարեկեցիկ երկրների տնտեսական աշխարհակարգի ճարտարապետներից մեկի` այդ նույն Սմիթի համաձայն` ատելության նողկալի կրքի նկատմամբ չափից ավելի հակման դեպքում տվյալ անձը համընդհանուր զզվանք ու ահ է ներշնչում, ով կարծես մի վայրի գազան պետք է հետապնդվի քաղաքակիրթ հասարակության կողմից ամբողջապես: Այո՛, իսկապես, քաղաքակիրթ մարդը չի կարող անտարբեր մնալ ատելության նկատմամբ: Սակայն այն հասարակությունները, որտեղ շարքային քաղաքացուն աստիճանաբար վարժեցնում են անհաղորդ մնալուն, բթացնելով սեփական իրավունքների պաշտպանության քաղաքակիրթ ցանկությունն ու վիժեցնելով արժանապատիվ կյանք վարելու պահանջմունքը, իսկ պետության մանր ու մեծ պաշտոնյաներն էլ սպասարկում են մի խումբ մարդկանց շահերն ու հանցակցելով փորձում են կոծկել տարբեր տրամաչափի հանցագործությունները, դատապարտված են որպես ատելությունը լռությամբ հաստատող ու արժևորող հավաքականություն մղվել քաղաքակրթության հետնաբակն ու դուրս շպրտվել պատմության ընթացքից: Եվ այս պայմաններում ՀՀ Ազգային ժողովի «հայրենասիրական հռետորաբանությունը» յուրօրինակ մահվան` բարոյական մահվան դատավճիռ է, որից մեր ազգին կարող է ազատել միայն գիտակցությունն արթնացրած քաղաքացին:
Երանի այս երեք մահերը չլինեին: Բայց ժամանակը հետ պտտեցնելու հնարավորություն չունենք, գոնե մեր ինքնամաքրմամբ ապահովենք բնականոն ընթացքը ու նորից դառնանք քաղաքակիրթ աշխարհի մի մասը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































