Տարին մոտենում է ավարտին, սակայն դեռ չի նշմարվում, թե 2013թ. փետրվարին Սերժ Սարգսյանի հետ միասին ո՞վ է պայքարելու նախագահի պաշտոնի համար: Իհարկե, առաջադրվող թեկնածուներ կան, մի քանի հոգի արդեն հայտարարել են, որ մասնակցելու են նախագահական ընտրություններին, օրինակ` ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և այլոք: Սակայն այս առաջադրվողներն իրենք էլ գիտակցում են, որ իրենց թեկնածությունը որևէ վտանգ չի ստեղծի Սերժ Սարգսյանի համար նորից նախագահ դառնալու ճանապարհին: Եվ առայժմ հայտնի չէ, թե ով է լինելու գործող նախագահի իրական հակառակորդը: Իհարկե, Սերժ Սարգսյանը ուժեղ թեկնածու է զուտ այն բանի շնորհիվ, որ այս պահին նրա ազդեցության տակ է գտնվում պետական ապարատն իր ողջ հնարավորություններով և ունի ֆինանսական հսկայական ռեսուրսներ:
Առայժմ հայտնի չէ, թե ընդդիմադիր ՀԱԿ-ը ում թեկնածությունն է առաջադրելու: Արդյոք ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյա՞նը կառաջադրվի, թե՞ այդ ուժը մեկ այլ թեկնածու կընտրի: Կամ ընդհանրապես` ՀԱԿ-ը կունենա՞ սեփական թեկնածու, թե՞ հնարավոր է պաշտպանի այլ թեկնածուի: Այնուամենայնիվ, 2008-ից հետո ՀԱԿ-ից հեռացան մի շարք կառույցներ կամ անհատներ, և դրա արդյունքում այդ ուժը կորցրեց նախկին հզորությունը: Կկարողանա՞ արդյոք ՀԱԿ-ը վերականգնել 2008թ. շարժումը: Այսօր դա հնարավոր չէ: 2013-ի նախագահական ընտրություններին թեև քիչ հավանական է, բայց անհնար էլ չէ: Դա պայմանավորված կլինի այն կարևոր հանգամանքով, թե ով է լինելու նրա թեկնածուն և որ ուժերի հետ է համագործակցելու:
Նախօրեին «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե «ամեն ինչ անելու է իր թեկնածության առաջադրման համար»: Րաֆֆի Հովհաննիսյանը երկար տարիներ երազել է նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին: Նա 2008թ. կառաջադրվեր, սակայն դեռ չէր լրացել ՀՀ քաղաքացի լինելու իր 10-ամյակը: Եվ դժվար թե Րաֆֆի Հովհաննիսյանն այս անգամ ձեռքից բաց թողնի տարիներ շարունակ փափագած՝ նախագահի թեկնածու լինելու երազանքը: Իհարկե, «Ժառանգության» առաջնորդն այսօր առավել քան երբևէ գիտակցում է, որ ինքը դեպի նախագահական տանող դժվարին ճանապարհին թեկնածու լինելուց այն կողմ չի կարող անցնել: Րաֆֆի Հովհաննիսյանը 2008թ. ավելի բարձր իմիջ ուներ: Հատկապես մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո նրա վարկանիշը բավականին ընկավ: Այն, ինչ տեղի ունեցավ «Ժառանգության» համամասնական ցուցակի հետ և դրանից հետո նույնանուն խորհրդարանական խմբակցությունում, մեծ հարված էր նրա համար: Նա իր համամասնական ցուցակով մարդկանց բերեց խորհրդարան, ովքեր իր կուսակցության անդամ չէին: Եվ կարծիք ստեղծվեց, որ այդ ցուցակի կազմավորման վրա ազդեցություն են ունեցել ներկա ու նույնիսկ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Իսկ դրանից առաջ «Ժառանգության» ղեկավարն իր ծոմապահությամբ կամ կուսակցության շարքերը մաքրելու գործընթացով, կուսակցության ղեկավարի պոստից հրաժարվելով, հետո ետ վերադառնալով նույնպես հարված հասցրեց թե՛ իր, թե՛ իր կուսակիցների վարկանիշին: Այնպես որ, լավագույն դեպքում 2013-ին նա կարող է առաջադրվել ու պայքարել պատվավոր 3-րդ տեղի համար:
Նախօրեին իր առաջադրման մասին է ակնարկել նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Իհարկե, այս երկու թեկնածուները միասին չեն առաջադրվի, ամենայն հավանականությամբ բանակցությունների արդյունքում կընտրվի այս երկուսից մեկի թեկնածությունը: Սակայն այսօրվա դրությամբ թե՛ Արամ Սարգսյանը և թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը չեն կարող զբաղեցնել Սերժ Սարգսյանի հիմնական մրցակցի տեղը, քանի որ ընդդիմությունը միասնական չէ: Ընդդիմության միասնական թեկնածու լինելու դեպքում նոր հնարավոր է ակնկալել հասարակության լայն աջակցությունը: Սակայն առայժմ որևէ հեռանկար չկա, թե ընդդիմությունը կհամախմբվի մեկ ընդհանուր թեկնածուի շուրջ: Եվ արդյունքում այնպիսի վիճակ է ստեղծվում, որ ընդդիմադիր ուժերի առաջնորդները կպայքարեն իրար դեմ ոչ թե նախագահ դառնալու, այլ 3-րդ տեղում հայտնվելու համար: Չի բացառվում նաև, որ իշխանությունը աճուրդի դնի այդ տեղը:
Բայց, ի վերջո, ո՞վ է լինելու Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը: Ամենայն հավանականությամբ, այս տեղին հավակնում են երկու թեկնածուներ՝ Ռոբերտ Քոչարյանը կամ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Այս երկու գործիչներն ունեն նախագահ առաջադրվելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: Եվ` առաջադրվելու դեպքում երկուսն էլ իրենց լծակներով կարող են վարչական ապարատի հնարավորությունները կիսել Սերժ Սարգսյանի հետ: Սրանք հնարավորություններ են, որոնք մարդկային ռեսուրսներից առավել որոշիչ են հայաստանյան ընտրությունների դեպքում: Իսկ նախագահական ընտրություններում այս երկու գործիչների հավանական առաջադրվելու թեման շատ է քննարկվում: Եվ այդ քննարկումների ժամանակ շատ հաճախ նաև կարծիքներ են հնչում, թե նման թեմա գոյություն չունի, որ մամուլը կամ շահագրգիռ քաղաքական շրջանակներն արհեստականորեն են բարձրացնում նրանց թեման՝ այդպիսով արհեստականորեն ուռճացնելով կամ կարևորելով նրանց գոյությունը: Եվ որ իրականում թե՛ Քոչարյանը, թե՛ Ծառուկյանը չեն առաջադրվելու, իսկ առաջադրվելու դեպքում էլ չեն ընդունվելու հասարակության կողմից: Հատկապես Ռ. Քոչարյանը, որը հեռացավ՝ Մարտի 1-ի արյունոտ դեպքերն ու դրանց ծանր հետևանքներն իր հետևում թողնելով: Շատ է բարձրաձայնվում, որ Քոչարյանի թեման փակված է, նա 2008-ից սկսած երիտասարդ թոշակառու է, և պետք չէ անընդհատ կռիվ տալ նրա ուրվականի հետ: Եվ որ Քոչարյանը քաղաքական դաշտում փորձում է ազդեցություն պահել զուտ իր միլիարդավոր դոլարների հասնող հանքերը, կապի, բանկային և այլ ոլորտներում ունեցած բիզնեսը պաշտպանելու համար:
Բայց արդյոք այդքան պարզ ու հե՞շտ է ամեն ինչ: Այդ դեպքում ինչո՞ւ են նրանք և նրանց ազդեցության տակ գտնվող գործիչներն այդքան նպատակաուղղված քննադատում գոյություն ունեցող տնտեսական վիճակը, ինչն իրենց գործունեության անմիջական արդյունքն է: Ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանն անձամբ պտտվում մարզերով և մարդկանց հորդորում ընտրել իրենց թեկնածուներին: Եվ վերջապես ինչո՞ւ են առաջադրվելու մասին արտահոսք կազմակերպում և ձգտում վարչապետի աթոռը ձեռք բերել:









































