Սեպտեմբերի 21-ին Ստրասբուրգում Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ֆինլանդիայի Հանրապետության Էդուսկունտայի նախագահ Էէրո Հեյնյալուոմայի, Ավստրիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիի հետ:Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ֆինլանդիայի Հանրապետության Էդուսկունտայի նախագահի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը, տարածաշրջանային զարգացումներին, միջազգային կառույցներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել Սաֆարովի գործին:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է սկանդինավյան տարածաշրջանի և, մասնավորապես, Ֆինլանդիայի հետ բազմաբնույթ և փոխշահավետ համագործակցության հաստատումը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը լավ մակարդակի վրա է, և Հայաստանը կարևորում է Ֆինլանդիայի` որպես բարեկամ երկրի հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակումը: Հայաստանի խորհրդարանի ղեկավարի խոսքով` միջխորհրդարանական կապերը աշխուժացնելու չօգտագործված ներուժ կա և իր ցանկությունն է ակտիվացնել շփումներն ու փոխգործակցությունը: Հովիկ Աբրահամյանը Էդուսկունտայի նախագահ Էէրո Հեյնյալուոմային պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է:
Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները և ևս անհրաժեշտ համարել միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, համագործակցությունը միջազգային կազմակերպություններում: Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին` Էէրո Հեյնյալուոման Սաֆարովի փոխանցումը և ազատ արձակումը գնահատել է որպես անթույլատրելի և աննախադեպ երևույթ: Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ այդ փաստը վտանգավոր նախադեպ է ստեղծում Եվրոպայում և Հունգարիայի իշխանությունների այդ քայլը` որպես ԵՄ անդամ երկրի անընդունելի է ու անհասկանալի, իսկ ԵԽ անդամ Ադրբեջանի արարքը միջազգային նորմերի և եվրոպական իրավունքի խախտում էր` ուղղված տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանն ու լարվածության մեծացմանը:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հաջորդ հանդիպումը Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի հետ էր: Ողջունելով տիկին Պրամմերին` պարոն Աբրահամյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունների համատեքստում 2012 թվականը հոբելյանական է մեզ համար, քանի որ այս տարի լրանում է Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսան ամյակը: Նրա խոսքով` Հայաստանը կարևորում է Ավստրիայի հետ հարաբերությունների զարգացումը տարբեր ձևաչափերով: «Հայ – ավստրիական համագործակցությունը մենք դիտում ենք որպես կարևոր բաղադրիչ Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության ընդհանուր համատեքստում»,- նշել է ԱԺ նախագահը: Պարոն Աբրահամյանը կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը այն համոզմամբ, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջև քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարևոր լծակներից է և անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը ոչ միայն երկկողմ հարթությունում, այլ նաև բազմակողմ, մասնավորապես` Եվրամիության հետ համագործակցության ձևաչափով:
Ավստրիայի խորհրդարանի նախագահը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական փոխգործակցությունը նպաստում է միջպետական հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը ու այս համատեքստում անհրաժեշտ է համարել ակտիվացնել շփումները երկու օրենսդիր մարմինների միջև:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս: Տիկին Պրամմերը շեշտել է, որ Ավստրիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին:
Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
Շնորհակալութուն հայտնելով հանդիպման համար` ԵԱՀԿ ԽՎ նախագահը բարձր է գնահատել Հովիկ Աբրահամյանի ելույթը համաժողովում: Նա դատապարտել է Սաֆարովի հետ կապված դեպքը` դրական գնահատելով բանակցային գործընթացից դուրս չգալու Հայաստանի պահվածքը: Տարածաշրջանային խնդիրների կարգավորման առումով` պարոն Միլյորին կարևոր է համարել հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը և այս համատեքստում առանձնացրեց խորհրդարանների դերակատարությունը: Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին` ԵԱՀԿ ԽՎ նախագահը կարծիք է հայտնեց, որ հիմնախնդիրը պետք է լուծվի մադրիդյան սկզբունքների հիման վրա:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաև կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Հովիկ Աբրահմյանը ընդգծել է, որ հայկական կողմը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն և միակ ձևաչափ` նշելով, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմքը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու այդ իրավունքի իրականացումն է: «Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով և կարևորում է փոխվստահության մթնոլորտի հաստատումը` բանակցությունները կառուցողական ուղով շարունակելու համար: Իսկ Ադրբեջանի պահվածքը և վերջին իրադարձությունները` կապված սաֆարովյան գործի հետ վտանգում են բանակցային գործընթացը և սպառնում տարածաշրջանի կայունությանը»,- նշել է ԱԺ նախագահը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ հարցեր ևս:









































