«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրերս իր մոտ է կանչել Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Մեհրաբյանին և ասել, որ չպետք է «խանգարի» իր փեսա Կարապետ Գուլոյանի վերընտրությանը:
Թերթը նշում է, որ ի սկզբանե ասվում էր, թե Մեհրաբյանը ձևական է իր թեկնածությունն առաջադրել, սակայն «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ նա տարբեր շրջանակների մոտ հայտարարել է, թե ինքը լուրջ պայքարելու է հաղթանակի համար: Իսկապե՞ս Ծառուկյանը Ձեզ իր մոտ է կանչել և սպառնացել: «Ժողովուրդ»-ի այս հարցին Մեհրաբյանը պատասխանեց. «Ծառուկյանն ինձ չի կանչել, ես սուտ բաներ չեմ խոսում: Նա ինձ հրավիրել է: Ես իրեն առաջարկեցի, որ պարոն Ծառուկյան, ելույթ ունեցե’ք ու ժողովրդին ասե’ք, «Ժողովո’ւրդ ջան, կա երկու թեկնածու, դուք որին էլ ընտրեք, ես նրա հետ կաշխատեմ»:- Այդ դեպքում հա՛մ ժողովրդի ընտրյալը կլինի, հա’մ էլ Ձեր ռեյտինգը կբարձրանա: Ինքն էլ ասաց` եթե դու անցնես, առաջիններից մեկը ես կլինեմ, որ քեզ կշնորհավորեմ: Ու վերջ»:









































