Ինչպես տեղեկացրել էինք, երեկ Թուրքիայում տեղի են ունեցել Ֆրանսիայի նախագահի բանակցություններն այդ երկրի ղեկավարության հետ:
Ինչպես հաղորդում են եվրոպական և թուրքական լրատվամիջոցները, այս հանդիպումներն անցել են բավականին լարված մթնոլորտում: Այս մասին գրում է The Financial Times-ը: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահն այցելությունից մի քանի ժամ առաջ հայտարարել էր, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին սխալ քայլ է:
Թուրքերին վրդովեցրել էր նաև այն փաստը, որ Ֆրանսիայի նախագահն այստեղ է ժամանել 6-ժամյա բլից այցելությամբ, ինչը թույլ չի տալիս քննարկել երկկողմ հարաբերությունները, մանավանդ, որ վերջին 19 տարվա ընթացքում սա Ֆրանսիայի նախագահի առաջին այցն էր Թուրքիա: Բացի այդ, Սարկոզին Թուրքիա էր ժամանել հիմնականում որպես G-20-ի համանախագահող երկրի ղեկավար:
Սարկոզին Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունների մասին խոսելիս ասել է, որ և՛ Թուրքիայում, և՛ Ֆրանսիայում կան կարմիր գծեր, որոնք անցնել չի կարելի: Դրանով նա պաշտոնական Անկարային կրկին հասկացրել է, որ այդ երկրի անդամակցությունը ԵՄ-ին համենայնդեպս մոտ ապագայում անհնար է:
«Ես չեմ պատրաստվում դրանից ողբերգություն սարքել: Յուրաքանչյուր կողմն ունի իր դիրքորոշումը, բայց դա մեզ չի խոչընդոտում այլ խնդիրների շուրջ ապագայում առաջընթաց ապահովելու համար»:
Գյուլն էլ, իր հերթին, բավականին սառն է եղել իր հայտարարություններում. «Մենք քննարկել ենք այն խնդիրները, որտեղ ունենք համաձայնություն, և հատկապես նրանք, որտեղ դա չկա»` նշելով, որ Անկարան սպասում է, որ ԵՄ-ը պետք է կատարի իր խոստումները և օգնի Թուրքիայի առաջընթացին ԵՄ անդամակցության հարցում, հաղորդում է DW-World.de-ն:
Ճանապարհման արարողությունն էլ է շատ սառը ընթացել: Իսկ Twitter սոցիալական ցանցում քննարկվում էր, թե ինչպես է Անկարայի քաղաքապետը մաստակ ծամելով ճանապարհել Սարկոզիին` հերթական անգամ ցույց տալով իրենց վերաբերմունքը Ֆրանսիայի ղեկավարի նկատմամբ:








































