EgyptAir եգիպտական ազգային ավիաընկերությանը կիրակի օրը հաջողվել է վերականգնել չվերթների 90%-ը և գրեթե ամբողջությամբ վերականգնվել է աշխատանքը, որն ընդհատվել էր բորտ-ուղեկցորդների և մենեջերների գործադուլի պաճառով, հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ընկերության ղեկավար Հոսամ Կամալի խոքերով՝ EgyptAir-ը օրվա կեսին իրականացրել է 114 միջազգային և ներքին չվերթ: Մոտակա ժամերի ընթացքում բոլոր ուղևորները, որոնց չվերթները հետաձգվել են, կկարողանան լքել Կահիրեի օդանավակայանը:
Ավիաընկերության աշխատակիցների գործադուլն ուրբաթ օրը տևել է 12 ժամ: Բորտ-ուղեկցորդները պահանջում էին աշխատանքային պայմանների բարելավում և աշխատավարձի ավելացում: Գործադուլի պատճառով առաջացած կորուստները գնահատվում են 20-30 միլիոն դոլար:
EgyptAir ավիաընկերությունը ստեղծվել է 1932 թվականին: Ավիափոխադրողն ամբողջությամբ պատկանում է կառավարությանը, իրականացնում է ուղևորային և բեռնատար կանոնավոր չվերթներ դեպի ավելի քան 70 օդանավակայաններ`Եվրոպայի, Աֆրիկայի, Հեռավոր և Մերձավոր Արևելքի, ԱՄՆ-ի և Կանադայի:








































