Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականն ավարտել է իր ելույթները Ստամբուլի 2012 թվականի օլիմպիադայում: Վերջին տուրում մեր շախմատիստները 2.5:1.5 հաշվով առավելության են հասել Հունգարիայի հավաքականի նկատմամբ:
Մրցաշարը հաղթանակով է ավարտել նաև Ռուսաստանի հավաքականը` 3:1 հաշվով պարտության մատնելով Գերմանիայի ընտրանուն: Չինաստանի ազգային թիմը նույն հաշվով զիջել է Ուկրաինայի հավաքականին:
Այսպիսով` Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները վաստակել են 19-ական միավոր: Չեմպիոնի անունը հայտնի կդառնա լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո: Հավելենք, որ 10-րդ տուրից հետո մեր հավաքականը լրացուցիչ ցուցանիշներով գերազանցում էր Ռուսաստանի ընտրանուն: Մրցաշարի պաշտոնական կայքը դեռ չի ավարտել լրացուցիչ ցուցանիշների հաշվարկը: