Բրիտանիայի արքայազն Հարին քառամսյա գործուղման է մեկնել Աֆղանստան,- գրում է բրիտանական The Guardian թերթը: Այնտեղ արքայազնը պետքէ դառնա Apache հարվածային ուղղաթիռի երկրորդ օդաչու-հրաձիգը:
Բրիտանական «Քեմփ բաստիոն» բազան, որտեղ նա պետք է ծառայություն անցնի, գտնվում է Գիլմենդ մարզում: Հենց այդտեղ էլ մեկ շաբաթ առաջ թալիբները ուղղաթիռ էին խփել, ինչի հետևանքով զոհվել էին մի քանի մարդ, այդ թվում՝ երկու ավստրալացի:
Աֆղանստանում արքայազնի հրամանատարը հույս է հայտնել, որ մամուլի մեծ ուշադրությունն արքայազնի անձի նկատմամբ չի խանգարի նրան ծառայություն անցնել մյուս օդաչուներին հավասար:
Հարին օդաչու-հրաձիգի աշխատանք է ստացել Մեծ Բրիտանիայում 16 ամիս տևած ուսուցումից հետո: Երկրի պաշտպանության նախարարությունը բացահայտ հայտարարել է, որ դրանից հետո նա, ամենայն հավանականությամբ, կմեկնի Աֆղանստան՝ պատերազմի:
Հարին արդեն այնտեղ ծառայել է 2008 թ. հետևակի կազմում, սակայն նրա ներկայությունը թեժ գծում ավարտվեց սկանդալով, քանի որ նրա գործուղման մասին հայտնի դարձավ մամուլին: Հարին անմիջապես վերադարձավ հայրենիք, որպեսզի ավելորդ վտանգի տակ չդնի ո՛չ իրեն, ո՛չ էլ իր ստորաբաժանումը:
Դրանից հետո արքայազնը բազմիցս փորձել է նորից մեկնել Աֆղանստան, սակայն դա հնարավոր է դարձել միայն ռազմական ուղղաթիռի օդաչու դառնալուց հետո:
Աֆղանստանում շարունակվող հակամարտության ողջ ընթացքում Մեծ Բրիտանիան ոչ մի Apache ուղղաթիռ չի կորցրել, ուստի օդաչուի աշխատանքը համարվում է համեմատաբար անվտանգ:
Այս անգամ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը գաղտնի չի պահել արքայազնի գործուղումը՝ խոստանալով ԶԼՄ-ներին համագործակցել նրա ծառայությունը լուսաբանելու հարցում: Բրիտանական ԶԼՄ-ների խմբագիրներն էլ իրենց հերթին համաձայնել են չհրապարակել այնպիսի տվյալներ, որոնք կարող են սպառնալիքի տակ դնել արքայազնի և նրա ծառայակիցների անվտանգությունը:
Արքայազնի հիմնական խնդիրը որպես օդաչու կլինի ցամաքային զորքերին կրակային աջակցություն ցուցաբերելը:










































