Haber Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռները երեկ ուշ երեկոյան ավիահարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ճամբարներին: Մասնավորապես, ռմբակոծության են ենթարկվել Հաքուրքի ու Հիներեի ճամբարներն ու քարանձավները:
Ժամը 23.00-ից սկսված այդ ռմբակոծությունները տևել են մինչև այսօր առավոտյան ժամը 08.00-ը: Ամեն անգամ գիշերային արշավի են դուրս եկել թուրքական երկուական և չորսական ինքնաթիռներ, որոնք իրենց թիրախներին հարվածելու համար հենվել են Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) և իսրայելական արտադրության Heron անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) տվյալների վրա:
Այս ամենին զուգահեռ, թուրքական բանակը լայնածավալ գործողություն է սկսել Շըրնաքի նահանգում՝ Իրաքի և Սիրիայի սահմաններին, ուր օրեր առաջ քուրդ զինյալները սպանել էին 10 թուրք զինծառայողի: Այդ գործողությանը մասնակցում է մոտ 2000 թուրք զինծառայող:








































