Թբիլիսիում գտնվող ամերիկացի սենատորների պատվիրակությունը, որը գլխավորում է հանրապետական Ջոն Մաքքեյնը, Վրաստանին կոչ է արել անցկացնել արդար և ազատ ընտրություններ: Այս մասին հայտարարել է Մաքքեյնը Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը մամլո ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքերով` ԱՄՆ-ը մեծ ուշադրությամբ հետևելու է Վրաստանի գալիք խորհրդարանական ընտրություններին:
«NDI, IRI և ԵԱՀԿ առաքելությունների դիտորդներն արդեն գտնվում են այստեղ, և նրանց գնահատականներն ընտրությունների վերաբերյալ մեծ ազդեցություն կունենան մեր կարծիքի վրա: Վրաստանի բնակչությունն արժանի է ազատ և անկախ ընտրությունների անցկացմանը: Մենք նախապատվությունը չենք տալիս թեկնածուներից որևէ մեկին, մենք հպարտանում ենք այն առաջընթացով, որին հասել է Վրաստանը»,-հայտարարել է Մաքքեյնը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին երկօրյա այցով Վրաստան է ժամանել ԱՄՆ-ի Սենատի պատվիրակությունը:







































