Այսօր` սեպտեմբերի 6-ին, վրաերթ է տեցի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում «Վենեցիա» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել մոտ 50-55 տարեկան տղամարդու և, թողնելով անօգնական, դիմել փախուստի:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է,որ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը և Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները:
Գ. Շամշյանը հայտնել է, որ վրաերթը կատարվել է Ավանից դեպի Կենտրոն իջնող հատվածում, որի արդյունքում վրաերթի ենթարկվածը շպրտվել է հանդիպակած գոտի: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննութան բաժնի քննիչ Արթուր Գասոյանը:
Գ. Շամշյանը հայտնել է, որ վրաերթի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը ծառերի տակ հայտնաբերում է «Նիսան» մակնիշի Լ 19 97 համարանիշի «Կայզեր» տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենա, որի դիմապակին ամբողջովին փշրված էր, կոտրված էր ձախակողմյան հայելին, և ավտոմեքենայի վրա կային արյան հետքեր: Իսկ վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, դիմել էր փախուստի:
Այս պահին Ոստիկանությունը աշխատանքներ է կատարում` պարզելու մահացած անձի և հայտնաբերելու վրաերթի վայրից փախուստի դիմած վարորդին:
Փաստի առթիվ քննիչ Ա. Գասոյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:



















































