Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) վաղաժամ ընտրություններ անցկացնելու շուրջ պայմանավորվել է խորհրդարանում ներկայացված երկրորդ հիմնական ընդդիմադիր ուժի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) հետ:
ԱԶԿ-ն վաղը այդ առաջարկն ուղարկելու է հիմնական ընդդիմադիր ուժին՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ)՝ ստանալու համար նրա համաձայնությունը: ՏԻՄ ընտրությունները Թուրքիայում անցկացվում են 5 տարին մեկ անգամ:
Վերջին անգամ դրանք տեղի են ունեցել 2009 թվականի մարտին, հետևաբար և պետք է տեղի ունենան 2014 թվականի մարտին: Սակայն եթե խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցություններին հաջողվի պայմանավորվածության հանգել ՏԻՄ ընտրությունները վաղաժամ անցկացնելու շուրջ, ապա դրանք տեղի կունենան 2013 թվականի հոկտեմբերին կամ նոյեմբերին:
Նշվում է, որ ԱԶԿ-ն այդ հարցի համաձայնեցման համար չի հանդիպելու խորհրդարանում ներկայացված քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) հետ: 2014 թվականի օգոստոսին Թուրքիայում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, ինչի համար էլ ԱԶԿ-ն նպատակահարմար չի համարում նույն տարում ևս մեկ ընտրություններ (մարտին՝ ՏԻՄ) անցկացնելը:
Բացի այդ, ԱԶԿ-ում կարծում են, որ եթե ՏԻՄ ընտրությունների ժամկետը չփոխվի, և դրանք տեղի ունենան 2014 թվականի մարտին, ապա դրանց նախընտրական կամպանիան պետք է անցկացվի ձմեռային բարդ պայմաններում, ինչը նույնպես նպատակահարմար չէ:









































