ԼՂՀ կարգավորման գործընթացում բեկումնային պահ է. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ ներքաղաքական և միջազգային հնարավոր զարգացումներին:
Նրա խոսքով` աշխարհում նման դեպքերում ընդունված է ետ կանչել դեսպանին, այս դեպքում` Հունգարիայից. դա համարվում է ֆորս-մաժոր: Սակայն, քաղաքագետի գնահատմամբ, ՀՀ-ն ավելի լուրջ և համարժեք քայլ իրականացրեց: Ըստ նրա՝ շատերը չեն զգում հարցի լրջությունը:
«Դիվանագիտական հարաբերությունները խզելը համարժեք է, դեսպանին ետ կանչելով` Հունգարիան չէր սթափվի, ուրեմն ավելի կոշտ քայլեր էին պետք: Շատերը չեն զգում, որ Ղարաբաղի հարցում բեկումնային պահ է: Սաֆարովին ազատ արձակելը որակական փոփոխություն է մտցնում ԼՂՀ կարգավորման գործընթացում»,- մեկնաբանեց Ստեփան Գրիգորյանը:
Բանախոսը կարևորեց խորհրդարանականների քայլերը, ինչը պետք է սկսել «Եվրոնեսթ»-ից: Նրա համոզմամբ՝ մենք չպետք է մասնակցենք այդ ինստիտուտի աշխատանքներին մինչև Եվրախորհրդարանն իր հայտարարությունն անի:
«Էշթոնը վատ հայտարարություն չարեց, բայց գնահատական չտվեց: Հասկացանք, որ չպետք է շիկացնենք իրավիճակը, բայց հետևանքներն Ադրբեջանը չէր հաշվարկել. դա պետք է ճիշտ գնահատել»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:









































