Մեր տեղեկություններով, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ցանկանում է ազատվել իր երկու տեղակալներից՝ Ռոբերտ Մակարյանից և Արմեն Պողոսյանից:
Ս. Կարապետյանը նույնիսկ այդ մասին բացահայտ խոսում է և նրանց ազատելու առաջարկը ներկայացրել է նաև իշխանություններին: Այնպես որ, չի բացառվում, որ փոխնախարարների հաջորդ պաշտոնանկությունը տեղի ունենա Գյուղատնտեսության նախարարությունում:
Գյուղնախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեց, թե Ս. Կարապետյանը նման ցանկություն ունի: Նախագահ Սերժ Սարգսյանն առայժմ չի շտապում նրանց ազատել աշխատանքից:
Բանն այն է, որ տեղակալներից Ռ. Մակարյանը Հանրապետական կուսակցության անդամ է: Եվ անկախ Ս. Կարապետյանի ցանկությունից, իշխող կուսակցությունում նախ ցանկանում են իրենց փոխնախարարին նոր գործ առաջարկել, հետո միայն պաշտոնից ազատել:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ս. Կարապետյանը ցանկանում է ազատել իր տեղակալներից մեկի հաստիքը, որպեսզի այնտեղ նշանակվի ՕԵԿ համամասնական ցուցակից որևէ մեկին: Հիշեցնենք, որ ՕԵԿ-ը ցանկանում է փոխնախարարի պաշտոններում նշանակել Դավիթ Տոնոյանին և Նելսոն Զուլոյանին:
Ի դեպ, այս պահին փոխնախարարի թափուր պաշտոններ կան նաև արտակարգ իրավիճակների, Սփյուռքի, տրանսպորտի և կապի, ինչպես նաև սոցիալական ապահովության նախարարություններում:









































