Այսօրվանից «Արմավիա» ավիաընկերությունը դադարեցնում է իրականացվող չվերթները դեպի Հալեպ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան: Նա հստակեցրեց, որ նման որոշում է կայացվել` հաշվի առնելով սիրիական Ազատ բանակի սպառնալիքները:
«Այս կերպ առաջին հերթին ապահովվում է ուղևորների անվտանգությունը»,- հստակեցրեց Նանա Ավետիսովան:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ սիրիական Ազատ բանակի առաջնորդները ավիաընկերություններին զգուշացրել էին Հալեպ և Դամասկոս թռիչքները դադարեցնելու մասին, քանի որ արդեն վաղվանից դա կարող է վտանգավոր լինել:
«Հաջորդ շաբաթվա երեքշաբթի օրվանից Դամասկոսի և Հալեպի քաղաքացիական օդանավակայանները կարող են դառնալ սիրիական Ազատ բանակի ուժերի օբյեկտներ, քանի որ նրանք ռազմական ավիացիայի նպատակներով օգտագործվում են հանցագործ վարչակարգի կողմից, որը հարվածներ է հասցնում սիրիական ապստամբներին»,- սիրիական թերթերից մեկը մեջբերել էր սիրիական Ազատ բանակի խոսքը:









































