ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի վավերացումը, որ նախատեսվում է ԱԺ առաջիկա նիստում, տանում է դեպի Մաքսային միություն. դրանում հստակ գրված են կետեր ապագա մաքսային միության սկզբունքների մասին:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, պայմանագրի 75-80 %-ը մաքսային միության կետերն են: Ըստ նրա՝ պայմանագրում բացակայում են մաքսային տարիֆների բազան, միայն լուծված է դրանց ձևավորման մեխանիզմը։
Նշվում է, որ այդ պայմանագիրը չի խանգարի երկրներից որևէ մեկին ինտեգրվելու այլ մաքսային միության ևս, ու թեև դա լավ է, բայց պայմանագրում Հայաստանին, բացի ծխախոտից, ուրիշ բացառություն անելու կարիք չի եղել: ՀՀ-ն ազատ առևտուր է անում բոլոր երկրների հետ, բացի մի կետից՝ ծխախոտի ներմուծումից, բայց նման բացառություններ, օրինակ, Ուկրաինան և Ռուսաստանը ունեն հարյուրներով: Ռուսաստանը խոսք է տալիս 3-4 տարում այդ բացառությունները մեր նկատմամբ վերացնել, այսինքն՝ ևս 3-4 տարի արդյունք չի լինելու:
Հ. Բագրատյանի ներկայացմամբ՝ անցած տարի ստորագրված պայմանագրում նշված է, որ բացասական ոչ մի բան չի արվի ԱՀԿ պայմաններին խանգարող, ինչը դրական է, բայց միաժամանակ կան բազմաթիվ չպարզաբանված հարցեր. «Մինչև այս հարցերը չպարզաբանենք, չի կարելի պայամանգիրը վավերացնել, ինչպես, օրինակ, 1994-ին չի վավերացվել»:
Հ. Բագրատյանը շեշտեց, որ պետք չէ շտապել այս պայմանագիրը վավերացնել, իսկ կառավարությունը պետք է պարզաբանում տա, թե ինչ է ստորագրել: «Ինչպես կարող են մաքսային միության անդամ լինել նավթ արտահանող և ներմուծող երկրներ»,- հարցադրում արեց Հ. Բագրատյանը՝ նշելով, որ պայմանագիրը կհանգեցնի Հայաստանում վառելիքի գների բարձրացմանը:









































