ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը, ով Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող խմբի համանախագահն է, այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Ադրբեջանի իշխանության կողմից այդ երկրի բանակի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստը:
Կոնգրեսականի հայտարարության մեջ ասված է.
Ես վրդովված եմ Ադրբեջանի կառավարության անխոհեմ գործողությունների առթիվ, որը ազատություն է շնորհել Ռամիլ Սաֆարովին` ադրբեջանցի զինվորին, ով դաժանորեն սպանել էր ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված զորվարաժություններին մասնակցելու համար Հունգարիայում գտնվող հայ անզեն զինվորին: Չափազանց տարօրինակ է, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել մարդասպանին և թույլատրել վերջինիս ազատվել պատասխանատվությունից` հաշվի չառնալով, որ նրան դատապարտել էին:
Սրանք արդարությանն ու խաղաղություն հաստատելու քայլեր ձեռնարկող իշխանության քայլեր չեն: Դժբախտաբար Ադրբեջանի կողմից այս քայլը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ այս երկիրը ցանկանում է միայն բռնություն գործադրել Հայաստանի և նրա բնակչության դեմ:
Ես կարծում եմ, որ ԱՄՆ կառավարությունը պետք է Հայաստանի կողքին լինի Ադրբեջանի կառավարության կողմից նման քայելրը դատապարտելու հարցում: Ես նաև կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը ճանաչել Սաֆարովին որպես մարդասպանի և գործել որպես ժողովրդավարական մի պետություն, որի համար կարևոր է օրենքի ուժով հաստատված արդարությունը:









































