«Հայաստանի Կինոլոգիական, Կինոլոգիական-սպորտային միությունը» և ԴՕՍԱՖ-ը այսօր ստորագրեցին մի պայմանագիր, որով Հայաստանում կվերականգնեն հնգամարտի, հրաձգային դպրոցը և ՀՀ սահմանների ծառայողական շների վարժեցումը:
Կինոլոգիական սպորտային միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանի խոսքով` այս համագործակցությունը թույլ կտա այլևս Ռուսաստանից շներ չբերել՝ բանակում վարժեցնելու համար: ԴՕՍԱՖ-ի նախագահ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը Նուբարաշենում տրամադրել է տարածք, տեխնիկա, որով հնարավոր կլինի իրականացնել նախատեսված ծրագրերը:
«Մենք ոչ մի տեղից չենք ֆինանսավորվում, մեր միջոցներով ենք ամեն ինչ իրականացնում: Եթե ինչ-որ կազմակերպություն ցանկանա մեզ հետ համագործակցել, մենք սիրով կհամագործակցենք»,-լրագրողների հետ հանդիպմանը ասաց նա:
Արկադի Տեր-Թադևոսյանն էլ հավելեց, որ մեր ժողովուրդը շուն շատ է սիրում, սակայն այդ կենդանիները պիտի օգտագործել նաև սահմանում պաշտպանական միջոցառումներ իրականացնելու նպատակով:
«Սահմանում` զինվորի կողքին, պիտի շուն լինի: Դա հզոր հետազոտական պաշտպանություն է: Մենք ունենք մասնագետներ, բազա, որով կկարողանանք մեր երկրի անվտանգությունը ավելի լավ կազմակերպել»:








































