«168 Ժամ»-ի տեղեկություններով` ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը ներման խնդրագիր է գրել նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչ ընթացք կունենա այն:
Թերթի այն հարցին, թե` արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է շրջանառվող լուրը, թե Մարգար Օհանյանը ներման խնդրագիր է ներկայացրել Սերժ Սարգսյանին` իրեն ներում շնորհելու համար, ՀՀ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը ոչ հերքել և ոչ էլ հաստատել է: «Մենք նման հարցերի վերաբերյալ տեղեկություններ չենք հրապարակում, քանի որ դա կապված է մարդկանց անձնական կյանքի հետ»,- ասել է Ա. Արզումանյանը:
«Ի դեպ, Մ. Օհանյանի կողմից ՀՀ նախագահին ներման խնդրագիր գրելու մասին տեղեկությունն, ըստ էության, չի հերքել նաև Մարգար Օհանյանի փաստաբանը` ասելով, թե դրա իրավունքը Օհանյանն ուներ: Հիշեցնենք, որ Մ.Օհանյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման` առանձնապես խոշոր չափի բենզին յուրացնելու համար»- հավելում է «168 Ժամ»-ը:









































