Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վրա ազդեցություն ունեցող երկու հզոր բևեռների՝ Արևմուտքի՝ ԱՄՆ-ի ու Եվրոպայի և Ռուսաստանի պայքարը 2013թ. նախագահական ընտրություններին ընդառաջ գնալով սրվում է: Ցանկացած ընտրությունների ժամանակ ուժային այս երկու կենտրոնները ցանկանում են, որ իշխանության գան հնարավորինս իրենց ազդեցության տակ գտնվող կամ իրենց արժեքները կրող ուժեր: Եվ նախագահական ընտրություններին ընդառաջ այս բևեռները կրկին սկսել են հստակեցնել իրենց հնարավորություններն ու ազդեցության լծակները մեր երկրում: Տեղի է ունենում նաև հակառակ գործընթացը: Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական խաղացողները փորձում են դրսում իրենց համար հովանավորներ գտնել: Ավելի շուտ իրենց ներսում ստեղծում են թե՛ ռուսամետ և թե՛ արևմտամետ թևեր, ու այդպիսով փորձում են հավասարակշռություն ապահովել ուժային կենտրոնների նկատմամբ:
Օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում կարծես թե արևմտյան թևն ապահովում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա նաև արևմուտքից որոշակի աջակցություն է ստանում: Հիշենք միայն այն դեպքը, երբ նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, ՀՀ-ում եվրոպական երկրների դեսպաններն այդ առիթով հանդիպեցին նրա հետ: Իսկ ԲՀԿ-ն ինքն ամբողջությամբ համարվում է ռուսամետ ուժ: Այդ ուժն այսօր լծված է Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական միության գաղափարը Հայաստանում տարածելու գործին:
Որպես իշխող, երկրի անվտանգության համար պատասխանատու ուժ՝ Հանրապետական կուսակցությունն ու նրա նախագահ Սերժ Սարգսյանն ավելի շատ են պարտավորված պահել արևմտյան ու ռուսական բևեռների նկատմամբ հավասարակշռությունը: Սակայն քաղաքական քննարկումների, միգուցե նաև իրավիճակների ժամանակ ՀՀԿ-ն երբեմն համարվում է արևմտամետ, երբեմն՝ ռուսամետ: Արևմտամետ է համարվում վարչապետ Տիգրան Սարգսյանն իր թիմով: Ռուսամետ ուժերը ՀՀԿ-ում այնքան էլ համախմբված չեն: Այնտեղ կա Կարեն Կարապետյանը, ով նեղացած է իր կուսակցությունից և քաղաքական դաշտում ավելի շուտ համագործակցում է ԲՀԿ հետ: Վերջերս կարծես թե ինքնուրույն գործունեություն է սկսել: Ռուսամետ կարելի է համարել նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ով ՀՀԿ-ի և Ս.Սարգսյանի կողմից վստահություն չի վայելում: Ս. Սարգսյանի թիմում է նաև Արտաշես Գեղամյանը, սակայն նրան թե՛ ՌԴ-ում, թե՛ ՀՀ-ում արդեն լուրջ չեն վերաբերվում: Եվ Ս. Սարգսյանին այժմ անհրաժեշտ է իր կողքին ստեղծել մի նոր ռուսամետ ուժ կամ գոնե գործիչ, որը ՌԴ բարեհաճությունը ստանալու համար պայքարի մեջ կմտնի հզոր մրցակից ԲՀԿ-ի դեմ: Մի մարդու, ով առանց բարդույթների կլծվի այդ գործին ու գոնե խոսքով կսկսի ոչնչացնել հակառակորդին: Եվ կարծես թե նա գտել է այդ մարդուն: Որքան էլ անլուրջ թվա, այդ մարդը կարող է լինել Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Վերջինս ընդամենը մի քանի ամիս առաջ աստվածացնում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, սակայն այժմ իր խոսքի ողջ վարպետությունն օգտագործում է ԲՀԿ-ին ու նրա ղեկավարին քննադատելու համար:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Հ. Հովհաննիսյանը ցանկանում է հանդիպել Ս. Սարգսյանի հետ իր ծառայությունը նրան առաջարկելու համար: Ի դեպ, նույն տեղեկությունների համաձայն՝ նա Ս. Սարգսյանի հետ ցանկանում էր հանդիպել նաև մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ Գ. Ծառուկյանի «ՎԵՐՏՈւ» մակնիշի ոսկեգույն ատրճանակի ներքո ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել: Ասում են, որ նա այդ դիմումը դեռ չներկայացրած՝ փորձում էր հանդիպել Ս. Սարգսյանի հետ: Սակայն այն ժամանակ դա նրան չհաջողվեց: Հիմա արդեն եկել է նաև նրան օգտագործելու ժամանակը, և ՀՀԿ նախագահն առաջիկայում հավանաբար կօգտագործի ԲՀԿ-ի և նրա ղեկավար Գ. Ծառուկյանի դեմ ուղղված նրա քաղաքագիտական վերլուծությունները: Ի դեպ, խորհրդարանական ընտրություններից առաջ՝ նախընտրական ցուցակները կազմելիս արդեն կարծիքներ էին հնչում, թե Հ. Հովհաննիսյանին հաջողվել է հայտնվել ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականում ռուսական միջամտության արդյունքում:
Միշտ պատրաստակամ Հ. Հովհաննիսյանը ժամանակ չգտավ մեզ հետ զրուցելու, որպեսզի կարողանայինք մեկնաբանություններ ստանալ իր հետ կապված տեղեկությունների մասին: Իսկ մինչ այդ չեն լռում վերլուծությունները, թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը շուտով կվերադառնա ակտիվ քաղաքականություն և նախագահական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը: Եվ նախագահական ընտրություններին ընդառաջ հիմնական թեկնածուները փորձում են ստանալ Ռուսաստանի հովանավորությունը, որովհետև փորձը ցույց է տալիս, որ մինչև այժմ այն որոշիչ է եղել մեր երկրում: Իսկ Ռ. Քոչարյանը, որոշ տեղեկությունների համաձայն, իր վերադարձի համար հենարան է փնտրում թե՛ ՀՀ-ում, թե՛ ՌԴ-ում: Կդառնա՞ նա ԲՀԿ թեկնածուն՝ դեռ վաղ է ասել: Ու՞մ կընտրի Ռուսաստանը՝ դեռ պարզ չէ: Վերջին հաշվով, ՌԴ համար մեծ տարբերություն չկա Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի միջև: ՌԴ-ն երկուսի հետ էլ աշխատում է, երկուսն էլ նրա թեկնածուներն են: Ի՞նչ է տվել Ռ. Քոչարյանը Ռուսաստանին, որ չի տալիս Ս. Սարգսյանը: Միակ տարբերությունը հավանաբար այն է, որ վերջինս, ի տարբերություն իր նախորդի, ավելի հանդուրժող է Արևմուտքի հանդեպ: Քաղաքական շրջանակներում կարծիք կա, որ այս իրավիճակում ՌԴ-ն հավանաբար չի կենտրոնանա այս երկուսից մեկի վրա: Երկուսին էլ կխաղացնի: Նրանցից ով էլ հաղթի՝ կլինի Ռուսաստանի մարդը:









































