Բրիտանական Daily Mail-ը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն արգելել է թիմի գործընկեր Chevrolet ընկերությանը սպորտային ավտոմեքենաներ տրամադրել թիմի՝ մինչև 23 տարեկան ֆուտբոլիստներին:
Ակումբի ու ավտոմեքենաներ արտադրող ընկերության միջև պայմանագիրը սկսվում է 2014/15 մրցաշրջանից, սակայն ակումբի ղեկավարությունը դիմել է ընկերությանը թիմի խաղացողներին սպորտային մեքենաներով ապահովելու համար:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տարիքի պատճառով այդ ավտոմեքենաներից չեն կարող օգտվել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Դենիել Ուելբեքը, Ֆիլ Ջոնսը, Քրիս Սմոլինգն ու Ռաֆայելը:
Հատկանշական է, որ սա առաջին դեպքը չէ, երբ շոտլանդացի մարզիչը նմանատիպ որոշում է կայացնում երիտասարդների վերաբերյալ: Երկու տարի առաջ էլ մարզիչը երիտասարդ թիմի խաղացողներին արգելել էր գունավոր խաղակոշիկներ կրել:







































