Արաբական աշխարհում ընթացող պրոցեսները մարտահրավեր են Հայաստանի համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ Սիրիայում ընթացող պրոցեսներն ազդեցին ՀՀ-ի վրա, քանի որ Սիրիայի հետ կան պաշտոնական հարաբերություններ, Հայաստանում կան փախստականներ:
Ըստ քաղաքագետի՝ Հայաստանը բավական զգույշ և ադեկվատ արձագանքեց ընթացող պրոցեսներին: «Իմ կարծիքով` սիրիահայերին սխալ է փորձել դարձնել փախստական, վարել այնպիսի քաղաքականություն, որպեսզի տեղափոխվեն Հայաստան: Հայերը մեծ տեղ կունենան և ունեն Սիրիայում, մեծ ժառանգություն ունեն այնտեղ: Այս իմաստով ՀՀ կառավարության գործունեությունը ողջունում եմ:
Սիրիայի դեպքում պետք է շատ զգուշորեն արտահայտվենք: Հայ համայնքի դիրքորոշումը շատ ճիշտ էր. նրանք պայքարի մեջ չեն և իրենց ճիշտ են պահում, կասկած չունեմ, որ սիրիահայության մի մասը կմնա և Սիրիայում կպահպանի իր ժառանգությունը»,- նկատեց Ստեփան Գրիգորյանը:







































