Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը չի բացառում, որ 2015 թ. նախաշեմին Թուրքիան կարող է քարոզչական նպատակներով բացել Հայաստանի հետ սահմանը: Իսկ Հանրային խորհրդի անդամ, քաղաքագետ Սուրեն Զոլյանը նման հեռանկարը բացառում է, քանի որ, նրա գնահատմամբ` Թուրքիայի հասարակությունն այսօր շատ ավելի ագրեսիվ է տրամադրված, քան երեք-չորս տարի առաջ: Երկու գործիչների «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ հասանելի է aravot.am կայքում:
«Առավոտ»-ի հարցին` 2015-ին ընդառաջ` հնարավոր համարո՞ւմ եք սահմանի բացումը, Զոլյանը պատասխանել է. «Իհարկե` ոչ: Որովհետև եթե մինչև արձանագրություններն այդքան էլ պարզ չէր թուրք հասարակության դիրքորոշումը, ապա հիմա այն քննարկումների արդյունքում հստակեցվեց: Եվ պարզ դարձավ, որ առաջադեմ շերտը Թուրքիայում շատ փոքր է: Այսօր թուրքերն իրենց այնպիսի բաներ են թույլ տալիս, որ 4 տարի առաջ չէին անում, նրանք այսօր շատ ավելի ագրեսիվ են: Բացի այդ, թուրք-ադրբեջանական հարաբերություններն այս զործընթացից հետո կրկին սերտացան: Իհարկե, սյուրպրիզների կարելի է սպասել, բայց կարծում եմ, որ իրավիճակը կգնա հետագա էլ ավելի կոշտացման»:









































