«Թալիբանը» պատրաստ է ԱՄՆ-ի հետ խաղաղ բանակացությունների, եթե ամերիկյան կողմն իրականացնի մի շարք նախապայմաններ: Այս մասին հաղորդում է RBK-ն` հղում անելով շարժման ներկայացուցիչ Սոհաիլ Շահինին:
Շարժման ներկայացուցիչը հայտարարել է, որ եթե Վաշինգտոնը համաձայնի կյանքի կոչել մի շարք միջոցառումներ, որոնց թվում Կատարի մայրաքաղաք Դոհայում «Թալիբանի» ներկայացուցչության բացումն է և ամերիկյան բանտերից 5 բարձրաստիճան թալիբների ազատ արձակումը, այդ ժամանակ շարժումը ԱՄՆ-ի հետ կնստի բանակցային սեղանի շուրջ:
Հնարավոր երկխոսության ժամանակ «Թալիբանը» պատրաստ է քննարկել Աֆղանսատնում հարձակումների ժամանակավոր կասեցման հարցը:
Ներկայումս հիմնական խոչընդոտը հանդիսանում է թալիբ բանտարկյալների ազատ արձակելու՝ ԱՄՆ-ի մերժումը: Շահինի խոսքով՝ եթե Օբամայի վարչակազմը հրաժարվի ազատ արձակել թալիբ բանտակյալներին, ապա իրենք եզրակացություն կանեն, որ Վաշինգտոնը հետաքրքրված է խնդիրների ռազմական լուծմամբ:
ԱՄՆ-ն պնդում է, որ շարժումը կապերը խզի Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորման հետ: Շահինը հայտարարել է, որ շարժումը կապ չունի Ալ-Քաիդայի հետ, ավելին, խմբավորման անդամներ Աֆղանստանում չկան:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնի և թալիբների բանակցությունները, որոնք անցկացվում էին 2010 թվականից, ընդհատվել են այս տարվա մարտին:









































