Էկվադորը Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի հետ վերսկսում է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործով երկխոսությունը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Էկվադորի նախագահ Ռաֆաել Կորրեայի ելույթն ազգային հեռուստատեսությամբ:
«Մենք առաջարկում ենք հետևյալ տարբերակները` կա´մ Լոնդոնը Ասանժին երկրից Էկվադոր անվտանգ տեղափոխվելու հնարավորություն է տալիս, կա´մ Շվեդիան երաշխիքներ է տալիս, որ Ասանժին չի հանձնի երրորդ երկրին»,-նշել է Էկվադորի նախագահը:
Կորրեան նշել է, որ Մեծ Բրիտանիայի հետ հակամարտության առավել սուր փուլը` կապված Ասանժի ձերբակալության սպառնալիքների հետ, վերջացած է:
«Էկվադորի կառավարությունը նոտա է ստացել բրիտանական ԱԳՆ-ից, որում այն հայտնում է, որ դեսպանատուն ներխուժելու սպառնալիքներ չեն եղել»:
Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է թաքնվում հունիսի 19-ից: Օգոստոսի 16-ին հարավամերիկյան երկիրը նրան քաղաքական ապաաստան է տրամադրել, սակայն Ասանժը չի կարող լքել երկրի տարածքը, քանի որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները կտրուկ դեմ են Ասանժին երկրից դուրս թողնելուն, խոստացել էին դեսպանատնից դուրս գալու դեպքում նրան ձերբակալել:









































