Վենեսուելայի Ամուայ քաղաքում գործող երկրի խոշորագույն նավթավերամշակող գործարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 39-ի: Զոհերից 6-ի ինքնությունը չի ճանաչվել: Հանրապետության փոխնախագահ Էլիաս Հաուայի խոսքով` զոհվածներից 18-ը Ազգային գվարդիայի (ռազմական ոստիկանության) աշխատակիցներ են, որոնց տները գտնվել են հարևանությամբ: Գործարանում անհայտ պատճառով սկսված գազի արտահոսքի պատճառով առաջացած պայթյունից 82 մարդ է տուժել:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ`պայթյունն այնքան ուժգին է եղել, որ ավերել է հարևան շինությունները: 13 ընտանիք մնացել է առանց տանիքի: Վնասվել է ավելի քան 200 բնակելի տուն և 11 խանութ:
Դեպքի առթիվ նախագահ Ուգո Չավեսը երկրում եռօրյա սուգ է հայտարարել:
ITAR-TASS-ի փոխանցմամբ` Վենեսուելայի նավթային և լեռնաարդյունահանման նախարար Ռաֆաել Ռամիրեսի խոսքով` պայթյունից տուժած գործարանը կարող է գործունեությունը վերականգնել 2 օրում: Նա վստահեցրել է, որ երկրում վառելիքի հետ կապված խնդիրներ ի հայտ չեն գա:









































