Սիրիայում, ակտիվիստների տվյալներով, շաբաթ 330 մարդ է զոհվել: Օգոստոսի 25-ը եղել է սիրիական հակամարտության 18 ամիսների ամենաարյունալի օրը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Ամենակատաղի մարտերն ընթացել են Դամասկոսի հարավարևմտյան ծայրամասերում, որտեղ կառավարական ուժերը լայնածավալ հարձակում են իրականացրել ապստամբների դիրքերի վրա: Միայն Դրա արվարձանում հրետանակոծումների և արտադատական վրեժխնդրության զոհ է դարձել 23 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու կին և երեք երեխա: Ընդհանուր առմամբ, Սիրիայի մայրաքաղաքի արվարձաններում ավելի քան 200 մարմին է հայտնաբերվել:
Մի քանի տասնյակ մարդիկ էլ զոհվել են Հալեպում և Իդլիբում տեղի ունեցած մարտերի ժամանակ: Այնտեղ կառավարական ուժերը իրականացրել են հրթիռակոծում, գործի դրել ռազմական ուղղաթիռներ ու տանկեր:
Շաբաթ Հալեպից Ճապոնիա է տեղափոխվել օգոստոսի 20-ին սպանված լրագրող Միտո Յամամոտոյի մարմինը: Եվս երեք լրագրողներ` Հորդանանից, Թուրքիայից և ԱՄՆ-ից, այդ օրվանից անհետ կորած են համարվում:
Սիրիացի իրավապաշտպանների տվյալներով` քաղաքացիական ակտիվիստների և զինված ընդդիմության առճակատումը նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դեմ 2011-ի մարտից առ այսօր ավելի քան 22 հազար մարդու կյանք է խլել:









































