Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Առաջին լրատվական»-ը, սեպտեմբերի 9-ին կայանալիք Գյումրու քաղաքապետի ընտրություններում «Ժառանգություն» կուսակցությունը հանդես էր գալու առանձին թեկնածուով:
Սակայն այսօր կուսակցության մարզային կառույցի պատասխանատու Վահագն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք առանձին թեկնածուով հանդես չեն գալու: «Ճիշտն ասած, պետք է ունենար, սակայն երկար հաշվարկներից և քննարկումներից հետո Գյումրու խորհուրդը որոշեց, որ Գյումրու քաղաքապետի թեկնածու չի առաջադրելու, իսկ ավագանին կորոշենք օրվա վերջում»-, նշեց Վահագն Հովհաննիսյանը:
Մեր այն հարցին, թե ինչն է եղել պատճառը, կուսակցության մարզային կառույցի պատասխանատուն նշեց.«Պատճառները հիմնականում տարբեր են, գլխավորը ֆինանսական պատճառն էր, և, բացի այդ, մասնակցելու ցանկություն ընդհանրապես չկար»: Կուսակցությունը, ամենայն հավանականությամբ,կսատարի առաջադրվող թեկնածուներից որևէ մեկին, իսկ թե կոնկրետ ում, առայժմ չեն որոշել:
Հիշեցնենք, որ առայժմ Գյումրու քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարած ԲՀկ-ական ՍամվելԲալասանյանն է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Իսկ ՀՅԴ ներկայացուցիչ, Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ ՀովսեփՍիմոնյանը, ով ևս հայտարարել էր, որ առաջադրվելու է քաղաքապետի պաշտոնում, դեռևս ընտրատարածքային ընտրական հանձնաժողով չի ներկայացել: Նշենք, որ ՀովսեփՍիմոնյանը 2005 թվականին էլ էր առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու, սակայն շուտով ինքնաբացարկ էր հայտնել:
Փայլակ Ֆահրադյան, «Առաջին լրատվական»-ի Շիրակի մարզային թղթակից









































