Հայ ընտանիքներում կանայք մեծ մասամբ ենթարկվում են հոգեբանական բռնության: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Թագուհի Արշակյանը` խոսելով հայ ընտանիքներում տարածված բռնության տեսակների մասին:
Նա նշեց, որ իրենց կազմակերպություն դիմածների մեծ մասը ենթարկվում է հոգեբանական բռնության, հետո` ֆիզիկական, վերջին տեղում են սեռական բռնությունները:
Թագուհի Արշակյանը նշեց, որ ընտանեկան բռնությունը տարածված երևույթ է Հայաստանում, և բազմաթիվ քայլեր են ձեռնարկվում հասարակության մեջ այդ ցավալի երևույթները վերացնելու համար:
«Կարող ենք ինչ-որ միջոցներով դրա մակարդակը իջեցնել, ինչի համար «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ն բազմաթիվ քայլեր է ձեռնարկում, մասնավորապես` գործում է «թեժ գիծ» ծառայությունը, որին զանգահարելով` ընտանեկան բռնության զոհերը անվճար ստանում են հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն, որից հետո ինքը` կինը, կարող է որոշել` արդյոք պե՞տք է առաջ շարժվել և իմանալ իր իրավունքների մասին ավելի մանրամասն»,- նշեց կենտրոնի ներկայացուցիչը:
Նա հավելեց` եթե կինը ցանկանա, դատարան դիմելիս կենտրոնի իրավաբանը կարող է նաև իրավաբանական աջակցություն ցուցաբերել:
Համատեղ ասուլիսի ընթացքում ՀԿ իրավաբան Ասյա Օհանյանը նկատեց, որ ՀՀ օրենսդրությունը չունի «ընտանեկան բռնություն» բաժինը, որը դժվարացնում և սահմանափակում է իրավաբանի աշխատանքը, ուստի որոշ ելքեր կան, որոնք մասնավոր դեպքերն ուսումնասիրելիս առաջարկվում են կանանց:
Հոգեբան Մարինե Մարտիրոսյանն ընդգծեց, որ ընտանեկան բռնություններն ընտանիքում ազդում են թե՛ կանանց, թե՛ երեխաների վրա: Վերջիններիս մոտ նույնիսկ կարող են ի հայտ գալ պսիխոսոմատիկ երևույթներ, ինչպիսին է կակազելը և այլն, ուստի բռնության ենթարկվող կանանց համար առաջին օգնությունը հոգեբանականն է:









































