Վաղը Եռաբլուրի կամարների մոտից տեղի կունենա երթ՝ ի հիշատակ ԱՍԱԼԱ-ի նահատակված մարտիկների: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Նախնյաց հետքերով» ՀԿ նախագահ Արման Մխիթարյանը: Նա տեղեկացրեց, որ ամեն տարի ԱՍԱԼԱ-ի զոհերի հիշատակին նվիրված արարողություններ են տեղի ունենում, որոնք, սակայն, վատ են լուսաբանվում:
ՀԿ նախագահի խոսքով՝ իրենք պատրաստվում են դիմել կրթության և գիտության նախարարությանը՝ հանրակրթական դպրոցների կրթական ծրագրերում ԱՍԱԼԱ-ի մասին պատմական իրողությունները ներառելու համար: Ա. Մխիթարյանը շեշտեց, որ մինչ օրս այդ դասագրքերում «պատմական էջի» բացակայությունը մեծ բաց է և պետք է այն լրացնել: Միաժամանակ, բանախոսը նշեց, որ պետությունն իր վերաբերմունքն ԱՍԱԼԱ-ի զոհերի նկատմամբ արդեն արտահայտել է՝ 3 մարտիկների աճյուններն ամփոփված են Եռաբլուր պանթեոնում, այսինքն՝ նրանք համարվում են ոչ թե ահաբեկիչներ, այլ մարտիկներ:
Ըստ Ա. Մխիթարյանի՝ շատ ուժերի կողմից ԱՍԱԼԱ-ն որակվում է որպես ահաբեկչական կառույց, սակայն դա կոպիտ սխալ է, քանի որ այն ուներ կոնկրետ նպատակներ՝ վրիժառություն այն բոլոր թուրքերից, ովքեր նպաստել են Հայ դատը լռեցնելուն:
Ա. Մխիթարյանը նաև հայտնեց, որ ԱՍԱԼԱ-ի առնվազն 4-5 անդամներ բնակվում են Հայաստանում, ժամանակ առ ժամանակ հանդիպում են, սակայն խուսափում են բացահայտել իրենց:








































