Հոլիվուդյան դերասան Շոն Պենը մասնակցել է Վենեսուելայի հյուսիսային Վալենսիա քաղաքում նախագահ Ուգո Չավեսի նախընտրական հանդիպմանը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Վալենսիայի փողոցներով բեռնատարի բաց թափքում գտնվող Պենն ու Չավեսը միասին անցել են գործող նախագահի կողմնակիցների առջևով: Հանրահավաքի ժամանակ Պենը կանգնած է եղել բեմահարթակի վրա, սակայն անձամբ ելույթ չի ունեցել: Չավեսը աջակցության համար շնորհակալություն է հայտնել դերասանին ու գրկել նրան:
Նախկինում Շոն Պենը բազմիցս է եղել Վենեսուելայում և հանդիպել Չավեսի հետ` իր աջակցություըն հայտնելով նրա վարած քաղաքականությանը: 2010 թվականին նա հայտարարել էր, որ Վենեսուելայի առաջնորդին բռնապետ կոչող ամերիկացի լրագրողներին պետք է բանտ նստեցնել սուբյեկտիվության համար:
Նախագահական ընտրությունները Վենեսուելայում կանցկացվեն հոկտեմբերի 7-ին: Նրա հիմնական մրցակիցը ընդդիմադիր Էնրիկե Կապրիլեսն է:










































