Իսպանիայում ձերբակալված երկու չեչենների, որոնց կասկածում են ահաբեկչության համար, կալանավորել են, հաղորդում է El Pais-ը:
Ձերբակալման որոշումն ընդունել է Իսպանիայի ազգային դատարանի դատավոր Պաբլո Ռուսը, որն ապացուցված է համարել չեչենների կապը ահաբեկչական խմբավորումների հետ և պայթուցիկ նյութեր պահելու փաստը:
Հայտնի են դարձել նաև ձերբակալվածների անունները: Ենթադրյալ ահաբեկիչներից մեկի անունը Էլդար Մահոմեդով է, չնայած որ նա ներկայացել է որպես Ահմադ Ավար: Երկրորդը ներկայացել է որպես Մուհամեդ Ադամով, սակայն նրա իսկական անունը դեռ հայտնի չէ:
Ինչպես հաղորդում է La Razon-ը` հղում անելով ձերբակալման օրդերի տեքստին, Մահոմեդովը ռուսական հատուկ ծառայություններին հայտնի է 2010 թվականից որպես միջազգային ահաբեկչական խմբավորումների մասնակից: Նրա մասին տեղեկություններ ունեն նաև ամերիկյան հատուկ ծառայությունները:
Երրորդ կասկածյալը` Չենգիզ Յալչինը, Թուրքիայից է: Նա ձերբակալվել էր դեռ ուրբաթ օրը`օգոստոսի 3-ին: ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, նա կատարել է միջնորդի դեր:
Ձերբակալվածների նկատմամբ որևէ կոնկրետ կասկած ոստիկանությունը դեռ չունի: Ավելի վաղ Իսպանիայի ՆԳ նախարար Խորխե Ֆերնանդո Ռուիսը հայտարարել էր, որ նրանք հավանաբար Իսպանիայի կամ որևէ այլ եվրոպական երկրի տարածքում ահաբեկչություն են նախապատրաստել: Այդ նախապատրաստության մասին վկայող որևէ փաստաթուղթ, սակայն, ոստիկանությունը չի գտել:









































