Այս տարի Սուրբ Սարգսի տոնը նշվելու է փետրվարի 19-ին: Այդ կապակցությամբ այսօր լրագրողների հետ էր հանդիպել Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Կարապետ քահանա Կարապետյանը:
Տոնի օրվա փոփոխությունը կապված է Հարության տոնի հետ:
Փետրվարի 19-ին տոնական միջոցառումները կմեկնարկեն ժամը 11.00-ին սուրբ Սարգսի անունը կրող բոլոր եկեղեցիներում. կմատուցվի պատարագ և կլինի երիտասարդության օրհնության կարգ:
Ժամը 13.00-ին թեմայի շուրջ ցուցահանդես կլինի նկարիչների միությունում, 14.30-ին՝ Ժողովրդական արվեստի թանգարանում։
Իսկ 15.30-ին կսկսվի մեծ տոնախմբություն Սիրահարների այգում: Ըստ եկեղեցու հոգևոր սպասավորի` բոլոր միջոցառումները կանցկացվեն Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
«Սուրբ Սարգիսը 4-րդ դարի հույն սպարապետ էր, որն ապրում էր քրիստոնեական կյանքով, ուստի դասվում է հայ և այլ եկեղեցիների սրբերի շարքին»,- տեղեկացրեց Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Կարապետ քահանա Կարապետյանը: